Անկախության վերականգնումից ի վեր Պատրիարքի ընտրությունը պատմական իրադարձություն է. ԱՄՆ դեսպանատուն

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունն արձագանքել է 142-րդ Կաթողիկոս-Պատրիարքի ընտրությանը և հաջողություն մաղթել Շիո III-ին։

Դեսպանատունը գրել է, որ անկախ Վրաստանի պատմության մեջ առաջին Պատրիարքի ընտրությունը պատմական իրադարձություն է, և հույս է հայտնել, որ Վրաստանի եկեղեցու և ԱՄՆ-ի միջև կշարունակվի համագործակցությունը՝ հանուն «ընդհանուր մշակութային և քաղաքակրթական նպատակների»։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները սրտանց շնորհավորում է Վրաստանի ուղղափառ եկեղեցուն և նրա հետևորդներին՝ Սրբագույն և Երանաշնորհ Շիո III-ի՝ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք ընտրվելու առթիվ։

Վրաստանի անկախության վերականգնումից հետո Պատրիարքի առաջին ընտրությունը պատմական իրադարձություն է։ Մենք նրան մեծ հաջողություն ենք մաղթում և ակնկալում ենք համագործակցություն Վրաստանի ուղղափառ եկեղեցու՝ աշխարհի հնագույն քրիստոնեական դավանանքներից մեկի հետ՝ հանուն մեր ընդհանուր մշակութային և քաղաքակրթական նպատակների»,- սոցիալական ցանցում գրել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Մայիսի 11-ին Սուրբ Երրորդության (Սամեբա) մայր տաճարում հավաքված Վրաց Ուղղափառ Եկեղեցու ընդլայնված ժողովը 22 ձայնով ընտրեց միտրոպոլիտ Շիոյին՝ Սենակիի և Չխորոծկուի միտրոպոլիտին և պատրիարքական գահի տեղապահին, որպես Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի ու Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք։

Շիո III-ը 9 տարի եղել է Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի տեղապահը։