Պետությունը պլանավորում է աշխատանքի ընդունել առնվազն 400 անտառապահի

Անհատ ձեռնարկատերերը ևս կստանան անտառի հատուկ օգտագործման իրավունք: Համապատասխան փոփոխությունները ներառված են «Վրաստանի անտառային օրենսգրքում», որն արդեն ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը:

Ըստ օրինագծի պարզաբանման` անտառի ոչ բնափայտային ռեսուրսների և երկրորդական փայտանյութի հատուկ օգտագործման իրավունքը, օրենքի մինչ այժմ գործող խմբագրությամբ, տրվում էր միայն իրավաբանական անձանց:

«Անտառի ոչ բնափայտային ռեսուրսների և երկրորդական փայտանյութի հատուկ օգտագործման իրավունքը տրվում է միայն իրավաբանական անձանց: Պրակտիկան ցույց է տվել, որ նշված գործունեությամբ հետաքրքրված են նաև անհատ ձեռնարկատերերը, որոնք «Ձեռնարկատերերի մասին» Վրաստանի օրենքով իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն, սակայն չեն համարվում իրավաբանական անձ: Նշված կարգավորումը անհավասար պայմանների մեջ է դնում ֆիզիկական և իրավաբանական ձեռնարկատեր անձանց»,- ասված է փաստաթղթում:

Փոփոխություններով թույլատրելի է դառնում նաև պահպանվող տարածքների անտառներում տնտեսական, սանիտարական խնամքի և վերականգնողական հատումների արդյունքում ստացված բնափայտը տեղի բնակչությանը որպես վառելափայտ օգտագործելու համար փոխանցումը:

Հատկանշական է, որ մինչ այժմ գործող օրենքով՝ պահպանվող տարածքներում թույլատրվում էր բնափայտի ռեսուրսների մատակարարումը միայն «տնտեսական (որպես բացառություն) և սանիտարական հատումների» արդյունքում, իսկ խնամքի և վերականգնողական հատումների արդյունքում ստացված բնափայտի իրացումը կատարվում էր աճուրդի միջոցով, ինչը, օրինագծի հեղինակների պարզաբանմամբ, կապված էր որոշակի վարչարարական խնդիրների հետ:

Օրենքի նախագիծը նաև նախատեսում է «Անտառապահի» ինստիտուտի ներդրում, որը պատասխանատու կլինի իրեն կցված անտառային տարածքի ֆիզիկական պաշտպանության համար: Սա ներառում է վարչական իրավախախտումների կանխարգելումը, հայտնաբերումն ու խափանումը, նաև անտառի կայուն կառավարման սկզբունքների պահպանումը, հատատեղերի ճիշտ առանձնացումն ու ծագման փաստաթղթերի ճիշտ կազմումը:

Հատկանշական է նաև, որ պարզաբանման մեջ խոսվում է պետական բյուջեի եկամտային մասի վրա սպասվող ֆինանսական ազդեցության մասին: Մասնավորապես, փաստաթղթի համաձայն, օրինագծի ընդունումից հետո դրա իրականացման համար «Ազգային անտառային գործակալությանն» անհրաժեշտ կլինի աշխատանքի տեղավորել լրացուցիչ 499 աշխատակցի: Աշխատանքի կանցնեն 4 տեղամասի պետ, 94 անտառագետ և 401 անտառապահ: Վերջինիս ամսական աշխատավարձը կկազմի 2080 լարի: