Քանյե Ուեսթի համերգի բոլոր տոմսերը վաճառված են

Starring Georgia-ի հաղորդմամբ՝ Քանյե Ուեսթի համերգի բոլոր տոմսերն արդեն վաճառված են: Տոմսերը սպառվել են վաճառքի մեկնարկից ընդամենը 8 ժամ անց:

«Երկու օրվա ընթացքում Երկիր մոլորակին ընդամենը 8-ժամյա պտույտ պահանջվեց YE-ի շոուի 70 հազար տոմսերը վաճառելու համար: Starring Georgia-ի ևս մեկ ռեկորդ, և հերթական անգամ գլխավոր դերում Վրաստանն է: Կհանդիպենք հունիսի 12-ին «Դինամո Արենա»-ում՝ Վրաստանում առաջին 360 աստիճանանոց բեմի շուրջ»,- գրել է Starring Georgia-ն:

Ավելի վաղ՝ մայիսի 11-ին, նախնական վաճառք էր բացվել TBC բանկի քարտապանների համար: YE-ի շոուի նախավաճառքի (Pre Sale) համար նախատեսված տոմսերը սպառվել էին 5 ժամ 30 րոպեում: TBC քարտապանների համար գործում էր 25% զեղչ, իսկ մաս-մաս վճարման դեպքում՝ 20% զեղչ:

Հունիսի 12-ին «Դինամո Արենա»-ում կայանալիք համերգի տոմսերի արժեքը սկսվում էր 270 լարիից և հասնում մինչև 1600 լարիի: