Վրաստանի ռեգբիի ազգային հավաքականի նախկին ավագ Մերաբ Շարիքաձեն 11 տարով որակազրկվել է՝ գաղտնի սխեմային մասնակցելու պատճառով, որն օգնում էր ազգային հավաքականի խաղացողներին կեղծել հակադոպինգային թեստերը:
Գիորգի Ճղոիձեն պատժվել է վեց տարով, իսկ Լաշա Խմալաձեն, Օթար Լաշխին և Միրիան Մոդեբաձեն պատժվել են երեք տարվա որակազրկմամբ: Լաշա Լոմիձեն սպորտից հեռացվել է ինն ամսով:
Վրացի 6 ռեգբիստներին մեղադրանք է առաջադրվել մարտին՝ World Rugby-ի և Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) համատեղ հետաքննությունից հետո, որը ստացել էր «Օպերացիա Օբսիդիան» անվանումը: Հետաքննությունը բացահայտել է հինգ դեպք, երբ խաղացողները ենթադրաբար փոխել են մեզի նմուշները, որպեսզի թեստերի ժամանակ արգելված նյութեր չհայտնաբերվեն: WADA-ի տեղեկություններով՝ Վրաստանի ազգային հակադոպինգային գործակալության աշխատակիցները նույնպես զգուշացրել են խաղացողներին սպասվող թեստավորումների մասին: Համաշխարհային հակադոպինգային գործակալության հետաքննությունը պարզել է, որ Վրաստանի ազգային հակադոպինգային գործակալությունը թեստավորման մասին նախապես տեղեկացրել է հավաքականի բժիշկ Նուցա Շամաթավային, որն այնուհետև այդ տեղեկությունը տարածել է թիմային չաթում:
World Rugby-ն, որը 2023 թվականի Աշխարհի գավաթից առաջ Վրաստանի հավաքականի նմուշներում կասկածելի նշաններ էր հայտնաբերել, հայտարարել է, որ նմուշների փոխարինման սխեման, ամենայն հավանականությամբ, ստեղծվել էր ռեկրեացիոն դեղամիջոցների օգտագործումը թաքցնելու համար:
Ռեգբիի կառավարող մարմինը ստուգել է նաև պատմական նմուշները և բացահայտել հինգ դեպք, որտեղ տեղի է ունեցել նմուշների փոխարինում Շարիքաձեի և ևս հինգ խաղացողների մասնակցությամբ: Այս դեպքերն արձանագրվել են 2019 թվականից սկսած:
Շարիքաձեն մասնակցել է 2023 թվականի Ռեգբիի աշխարհի առաջնության խմբային փուլի երեք հանդիպման, իսկ Ճղոիձեն մրցաշարի մեկնարկից քիչ առաջ հայտացուցակից հանվել էր վնասվածքի պատճառով: