ՀՀ դեսպանը շնորհավորել է նոր Պատրիարքի ընտրության կապակցությամբ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը շնորհավորել է Շիո Երրորդի` Վրաց Ուղղափառ Եկեղեցու Կաթողիկոս֊Պատրիարքի ընտրության կապակցությամբ։

«Համայն Վրաստանին և եղբայրական վրաց ժողովրդին շնորհավորում եմ պատմական օրվա` Ն.Ս. Շիո Երրորդի` Վրաց Ուղղափառ Եկեղեցու Կաթողիկոս֊Պատրիարքի ընտրության, օծման և գահակալության առիթով։

Մեծագույն սիրով իմ բարեմաղթանքներն եմ հղում Շիո Երրորդին. նրա հետ ջերմ հանդիպումների պատիվ եմ ունեցել։ Եվ կարծում եմ, պատահական չէ, որ նրա օծման օրը` այսօր, Վրաց եկեղեցին նշում է քրիստոնեական լույսի և սիրո տոնը։

Նորին Սրբությանը մաղթում եմ երկար, խաղաղ ու առողջ տարիներ` աստվածահաճո ծառայության մեջ, որոնք համոզված եմ շարունակությունն են լինելու Վրաց եկեղեցու հոգևոր հայրերի սերմանած քրիստոնյա բարքերի և առավել են հզորացնելու վրաց ժողովրդին ու Մայր եկեղեցին», -ասված է Վրաստանում ՀՀ դեսպանության տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք. երեկ՝  Մցխեթայի Սվետիցխովելիի մայր տաճարում, տեղի է ունեցել Համայն Վրաստանի նորընտիր Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս և Բիճվինթայի ու Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Շիո III-ի գահակալության (ինտրոնիզացիայի) հանդիսավոր արարողությունը։