Ցխինվալիի գնահատմամբ` Վրաստանի քաղաքացիներն ավելի ու ավելի քիչ են խախտում «Հարավային Օսիայի սահմանը» հատելու կանոնները։ Այս գնահատականը տրվել է Միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի (IPRM) ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ։
Res գործակալության փոխանցմամբ՝ Ցխինվալիի ներկայացուցիչ Եգոր Կոչիևը խոսել է հանդիպման արդյունքների մասին։
«Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք Հարավային Օսիայի Հանրապետության սահմանի ամբողջ հատվածում նկատվող անվտանգության և մարդասիրական արդիական խնդիրները»։
Նրա խոսքով՝ անցած ժամանակահատվածը բնութագրվել է խախտումների համեմատաբար ցածր մակարդակով։
«Ընդհանուր առմամբ գրանցվել է երեք միջադեպ. մեկ խախտում արել է վրացի քաղաքացին, մեկը` վրացի ոստիկանը և մեկը՝ Եվրամիության մոնիթորինգային առաքելության (EUMM) պարեկային ծառայությունը»։
Կոչիևի խոսքով՝ ո՛չ «վրացական ոստիկանությունը, ո՛չ էլ ԵՄ առաքելության ներկայացուցիչները չեն ցանկացել ընդունել սահմանային խախտումների կատարման իրենց պատասխանատվությունը»։
Նա նաև գոհունակություն է հայտնել, որ խախտումները դադարել են այն հատվածներում, որտեղ նախկինում միջադեպեր էին տեղի ունեցել։