Թբիլիսիում ստեղծվել է Վրաստանի դիվանագիտական ընկերություն (DGS):
Ըստ DGS-ի մամուլի հաղորդագրության` Վրաստանի դիվանագիտական ընկերությունը միավորում է տարբեր սերունդների կարիերային դիվանագետների, որոնք Սահմանադրության 78-րդ հոդվածին և ժողովրդավարական արժեքներին իրենց նվիրվածության պատճառով հրաժարական են տվել կամ անարդարացիորեն ազատվել են դիվանագիտական ծառայությունից:
«Ընկերության գործունեությունը նպատակ ունի վերլուծելու արտաքին քաղաքականության իրադարձությունները և տեղեկացնելու լայն հանրությանը՝ հիմնվելով մասնագիտական փորձի և կուտակված ինստիտուցիոնալ հիշողության վրա: Միաժամանակ, Ընկերության առաջնահերթություններից մեկը Վրաստանի Սահմանադրությամբ սահմանված արտաքին քաղաքականության կուրսի վարկաբեկմանն ու հասարակության շրջանում ազգային կոնսենսուսի խաթարմանն ուղղված ապատեղեկատվությանը և քարոզչությանը արձագանքելն է:
Ընկերության անդամները խորապես համոզված են, որ եվրոպական և եվրատլանտյան ինտեգրացիան Վրաստանի ինքնիշխանության ամրապնդման, նրա տարածքային ամբողջականության պաշտպանության, ժողովրդավարական զարգացման և բարգավաճման հիմքն է», — ասված է հայտարարության մեջ: