Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչներին, հաղորդել են Վրաստանի կառավարությունից։
Հանդիպման ժամանակ քննարկվել է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վերագործարկման և կոնկրետ ճանապարհային քարտեզի վրա հիմնված ռազմավարական գործընկերության կարևորությունը։
«Կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ մաքուր էջից վերականգնելու փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկկողմ հարաբերությունները։ Նշվել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի հետաքրքրությունը Վրաստանի նկատմամբ ողջունելի է, ինչը հաստատվում է վերջին շփումների ինտենսիվությամբ։
Շեշտվել է Վրաստանի դերը որպես տարածաշրջանում հուսալի և վստահելի գործընկեր։ Վարչապետը հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերում։
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին», — ասված է հաղորդագրության մեջ։