«Որդեգրման և խնամատարության մասին» Վրաստանի օրենքում փոփոխություններ կկատարվեն, որոնց համաձայն՝ որդեգրողը կամ խնամատար ծնողն այլևս երեխա որդեգրելու համար պարտավոր չի լինի գրանցվել սոցիալապես անապահովների բազայում։
Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում օրինագիծը ներկայացրել է Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ Իրինե Ծաքաձեն։ «Մենք աշխատում ենք սոցիալապես անապահով ընտանիքների ստուգման սկզբունքների վրա և բախվել ենք մի անոմալ իրավիճակի. ընտանիքը, որը պետք է ցույց տա իր կայուն նյութական վիճակը, նախկինում պարտավոր էր գրանցվել այս բազայում և այդպես դիմել մեզ որդեգրման համար։ Սա լիովին անհամատեղելի հանգամանք է։ Մեր նպատակն է շտկել սա», — ասել է նա։
Ըստ բացատրագրի՝ օրենքում կատարվելիք փոփոխությունները նախատեսում են վերանայել «Որդեգրման և խնամատարության մասին» Վրաստանի օրենքի այն հոդվածները, որոնց գործող կանոնները որդեգրողի/խնամատար ծնողի սոցիալ-տնտեսական վիճակի գնահատման համար որպես պարտադիր նախապայման սահմանում են այդ անձանց գրանցումը սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական բազայում և նրանց սոցիալ-տնտեսական դրությունը հաստատելու համար համապատասխան վարկանիշային միավորն արտացոլող քաղվածքի ներկայացումը։
Փոփոխությունների համաձայն՝ Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի հրամանով հաստատված որդեգրման կարգով կսահմանվի որդեգրել ցանկացող անձանց սոցիալ-տնտեսական վիճակն արտացոլող փաստաթղթերի ցանկը։ Դրանով կհաստատվի կայուն ընտանեկան միջավայրի, նաև երեխայի պատշաճ դաստիարակության ու զարգացման համար անհրաժեշտ պայմանների առկայությունը, և կսահմանվեն այդ փաստաթղթերի ներկայացման պայմանները։
Գործող օրենսդրությամբ՝ որդեգրող ընտանիքի գնահատման ժամանակ, այլ հանգամանքների հետ մեկտեղ (որդեգրողի տարիքը, նրա անձնային որակները, որդեգրման շարժառիթը, դատվածությունը, առողջական վիճակը և այլն), պայմաններից մեկն է որդեգրողի սոցիալ-տնտեսական վիճակը, որի գնահատումն իրականացվում է սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական բազայում նրա մասին առկա տեղեկատվության հիման վրա։
«Գնահատման նպատակով որդեգրել ցանկացող անձը խնամակալության և հոգաբարձության տեղական մարմնին պետք է ներկայացնի քաղվածք սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական բազայից, որով հաստատվում է, որ նրա վարկանիշային միավորը համապատասխանում է Վրաստանի կառավարության սահմանած չափանիշներին (գերազանցում է 120 հազար միավորը)։ Որպես որդեգրող գրանցվելուց հետո, որդեգրել ցանկացող անձը/ընտանիքը յուրաքանչյուր հաջորդ տարի պետք է անցնի նաև ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի վերագնահատում՝ այս պայմանի բավարարումը հաստատելու համար, հակառակ դեպքում նա կհանվի հաշվառումից։
Պետք է նշել, որ սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական բազան ունի իր ուրույն նշանակությունն ու նպատակները»,- ասված է օրինագծի բացատրագրում։
Օրինագծի հեղինակներն ընդգծել են, որ այսօր գործող պարտավորությունը հակասում է ինչպես բուն բազայի ձևավորման նպատակներին, այնպես էլ որդեգրման և խնամատարության գործընթացի իրական կարիքներին։
Օրինագիծը պետք է ուժի մեջ մտնի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, և մինչ այդ Վրաստանի կառավարությունն ու Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը պետք է ձեռնարկեն համապատասխան միջոցներ՝ ապահովելու համար համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի համապատասխանությունը սույն փոփոխություններին։ Օրինագիծը չի նախատեսում նաև օրենքին հետադարձ ուժ տալ։
Նշենք, որ որդեգրման ենթակա երեխաների բազայում այժմ կա 140 երեխա, մինչդեռ երեխա որդեգրելու ցանկություն ունի 1571 ընտանիք։