Այսօր՝ մայիսի 31-ին, Թբիլիսիում նշվեց Սայաթնովյան Վարդատոնը:
Աշուղ Սայաթ-Նովային նվիրված համերգային ծրագիրը մեկնարկեց ժամը 13:00-ին՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հարակից տարածքում՝ Գորգասալի հրապարակում (Մեյդան):
Վարդատոնը ավանդութի համաձայն, սկսվում է քայլերթով՝ Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնից․ մասնակիցները վարդեր խոնարհեցին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում հանգչող աշուղ Սայաթ-Նովայի շիրիմին։

Միջոցառումն իրականացվել է «Վիրահայերի միությունը»՝ Թբիլիսիի քաղաքապետարանի և ավագանու ֆինանսական աջակցությամբ, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության, ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության, Վիրահայոց թեմի կրթամշակութային կենտրոնների և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի մասնակցությամբ։ Միջոցառումն ուղեկցվեց ժողովրդական երգ ու պարով։
Խոսքով ելույթ ունեցան Վրաստանում Հայաստանի դեսպանատան խորհրդական Վլադիմեր Պողոսյանը, Վրաստանի խորհրդարանի առաջին փոխնախագահ Գիա Վոլսկին, Թբիլսիի Սակրեբուլոյի փոխնախագահ Թինա Նիբլոշվիլին և այլք։
Ներկաները «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ևս անդրադարձան օրվա խորհրդին ու կարևորությանը՝ ընդգծելով Սայաթ-Նովայի ստեղծագործական ժառանգության դերն ու նշանակությունը տարածաշրջանի մշակույթների երկխոսության և բարեկամության ամրապնդման գործում։
Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակին կից ազգային փոքրամասնությունների խորհրդի գործադիր քարտուղար Իզաբելլա Օսիպովան «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույզում նշեց, որ այս օրը Թբիլիսիի և ամբողջ Վրաստանի համար կարևորագույն է.
«Շատ լավ եմ հիշում եմ, դեռ փոքր տարիքից պապիկիս, տատիկիս հետ գալիս էի այս միջոցառմանը.
Այս տոնը միայն Վրաստանի ու թբիլիսահայերիս համար չէ, որ ուրախալի է. ինձ թվում է՝ ողջ Վրաստանն է ուրախանում, որովհետև Սայաթ-Նովան այն մարդն էր, ով իր ստեղծագործությունը արարում էր բոլոր այն մարդկանց լեզվով, ովքեր ապրում են Վրաստանում. նա մեր երկրի տոլերանտության խորհրդանիշն էր»,-նշեց նա։

«Ջեյրան» և «Մուշ» պարային համույթների գեղարվեստական ղեկավար և պարուսույց Սվետլանա Երիցյանի խոսքով՝ Սայաթ-Նովայի մասին կարելի է խոսել անվերջ. պարուսույցը նշեց, որ շատ ուրախ է ներկա գտնվել միջոցառմանը և մեջբերեց Հովհաննես Շիրազին պատկանող հետևյալ տողերը՝
«Դո՛ւ ես թագը ակնակուռ այս թագակիր դարի գլխին,
Դո՛ւ ես հայոց սրբությունը սուրբ Գևորգի քարի գլխին,
Կխառնվեմ Հրազդանին, կիջնեմ Արագնարի գլխին,
Կգամ Քուռով, որ համբուրեմ շիրմաքարդ, Սայաթ-Նովա՛»։

«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության վարչության անդամ Ժանետա Բաղդասարյանը ընդգծեց. «բավականին սիրված միջոցառում է Վարդատոնը, և այս տարիների ընթացքում, պահպանելով ավանդույթը, ցույց ենք տալիս, թե ինչքանով ենք կարևորում ինչպես աշուղի կատարած մեծ գործունեությունը, այնպես էլ այսօրվա միասնությունն ու մասնակցությունը այս տոնին»։


«Վարդատոնը» հիմնադրվել է 1914 թվականին վրացի գրականագետ Իոսեբ Գիրշաշվիլիի, հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ, որին ավանդաբար մասնակցում են հայ և վրացի գրողներ, հասարակական գործիչներ, ստեղծագործական ոլորտի ներկայացուցիչներ։
Ամեն տարի մայիսի վերջին կիրակի օրը ժողովուրդների բարեկամության երգչին նվիրված տոնը մեծ շուքով անցկացվում է Թբիլիսիի ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող Մեյդան թաղամասում։

