Այսօրվանից՝ 2026 թվականի հունիսի 1-ից, ուժի մեջ է մտնում կառավարության որոշումը, որի համաձայն՝ հանրային տարածքում վիրավորական և արժանապատվությունը նվաստացնող հայտարարությունների մոնիտորինգն ու դրանց իրավական արձագանքումը հանձնարարվել է Ներքին գործերի նախարարության Մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտին։
Համապատասխան փոփոխությունն արդեն արտացոլվել է Ներքին գործերի նախարարության կանոնադրության մեջ։
Այսօրվանից գերատեսչության ուղղակի պարտականությունն է լինելու.
«Հանրայնորեն տարածված՝ մարդու արժանապատվությունը նվաստացնող/վիրավորական այնպիսի հայտարարությունների մոնիտորինգն ու պրոակտիվ (նախահարձակ) բացահայտումը, որոնք պարունակում են Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված իրավախախտման հատկանիշներ»։
Կանոնադրության համաձայն՝ նշված դեպարտամենտը, Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է ապահովի համապատասխան իրավական արձագանք բացահայտված փաստերին։ Գերատեսչության խնդիրն է լինելու նաև հանրայնորեն բռնության կամ ատելության կոչերի հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերին ժամանակին արձագանքումը և հետաքննության արդյունավետության ապահովումը։ Որոշումը, որը ստորագրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ուժի մեջ է մտել հենց այսօր՝ հունիսի 1-ին։
Հիշեցնենք, որ նշված բարեփոխման մասին հայտնի էր դարձել ընթացիկ տարվա մայիսի 18-ին։ Իրավապահ կառույցների միջև համակարգման հարցերով պետական նախարար Մամուկա Մդինարաձեի ճեպազրույցում նշվել էր, որ Ներքին գործերի նախարարությունում ստեղծվելու է հատուկ վարչություն։
Պաշտոնական պարզաբանման համաձայն՝ այս նոր կառուցվածքային ստորաբաժանումը մոնիտորինգի է ենթարկելու հանրային տարածքում ատելության խոսքը, վիրավորական արշավներն ու ագրեսիվ հաղորդակցությունը և իրականացնելու է համապատասխան իրավական արձագանք։ Նախարարի հայտարարությամբ՝ նշված վերահսկողությունը վերաբերելու է ցանկացած տեսակի հանրային հաղորդակցությանը։