Տնտեսական աճի կանխատեսումը բարձրացվել է մինչև 6.3%

Վրաստանի կառավարությունը 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 6.3%։ Այս տեղեկությունը խորհրդարանում կոմիտեների համատեղ նիստում հայտարարել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Գիորգի Կակաուրիձեն։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով առաջին չորս ամիսների տնտեսական աճը, որը կազմել է 8.3%, վերանայվել է ամբողջ 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը՝ 5%-ից բարձրանալով մինչև 6.3%։

«4 ամսում մենք ունենք ավելի քան 8 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ։ Բյուջեն պլանավորել էինք 5% իրական տնտեսական աճի հաշվարկով, սակայն, քանի որ արդեն իսկ ավելի բարձր ցուցանիշ ունենք, վերանայեցինք այս ուղղությունը, և այս տարվա կանխատեսմամբ` իրական տնտեսական աճը կկազմի 6.3%։ Սա բազային սցենարն է։ Ունենք նաև հոռետեսական և լավատեսական սցենարներ, սակայն 6.3% աճը բազայինն է։ Մեր տնտեսությունը կտրված չէ համաշխարհային տնտեսությունից, և տարածաշրջանում առկա հակամարտություններն ազդում են մեր տնտեսության վրա։ Լավատեսական սցենարով աճը հասնում է 7%-ի, իսկ հոռետեսական սցենարով, որը ենթադրում է բոլոր ռիսկերի նյութականացում (ի հայտ գալ), կկազմի մոտավորապես 4.4%-ի սահմաններում։ Ինչ վերաբերում է գնաճին, ապա այս տարի բազային սցենարով կլինի 4.9%, իսկ հաջորդ տարիներին կվերադառնա 3% թիրախային ցուցանիշին»,- ասել է Գիորգի Կակաուրիձեն։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատմամբ՝ 2026 թվականի ապրիլին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 6.2%, իսկ 2026 թվականի առաջին չորս ամիսների միջին ցուցանիշը սահմանվել է 8.3%:

Մայիսի սկզբին Վրաստանի ազգային բանկը նույնպես բարձրացրել էր տնտեսական աճի կանխատեսումը՝ 5%-ից հասցնելով 6.5%-ի։