Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության ու Պեկինի լեզվի, կրթության և համագործակցության կենտրոնի միջև հուշագիր է ստորագրվել։
Հաղորդագրությունը տարածել է Կրթության նախարարությունը, ըստ որի` փաստաթուղթը նախատեսում է Վրաստանում չինարենի ուսուցիչների մասնագիտական զարգացման աջակցություն, նրանց համար լրացուցիչ ֆինանսական աջակցության մեխանիզմների մշակում, ուսումնական ռեսուրսների ու փորձի փոխանակում, նաև համատեղ կրթական և մշակութային միջոցառումների կազմակերպում։
«Գործընկերության շրջանակներում, համագործակցության համակարգման նպատակով, կստեղծվի աշխատանքային խումբ, որը կսկսի գործել մոտ ապագայում։
Հուշագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Պեկինում՝ Լեզվի, կրթության և համագործակցության կենտրոնում, որտեղ նախարարը ծանոթացել է ժամանակակից ուսումնական ենթակառուցվածքներին և հանդիպում անցկացրել կենտրոնի աշխատակիցների հետ։
Կենտրոնի ներկայացուցիչները Գիվի Միքանաձեին են ներկայացրել չինարենի դասավանդման ծրագրի շնորհանդեսը, որն օգնում է տարբեր երկրների ցանկացողներին արհեստական բանականության օգնությամբ սովորել չինարեն։
Լեզվի, կրթության և համագործակցության կենտրոնում Գիվի Միքանաձեի հետ եղել են նաև Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի առաջին տեղակալ Լևան Ղիրսիաշվիլին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պաատա Կալանդաձեն, նաև նախարարության և դեսպանատան ներկայացուցիչներ»,- նշված է Կրթության նախարարության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, անցյալ տարի Կրթության նախարարությունը հայտարարել էր, որ դպրոցներում չինարենը որպես երկրորդ օտար լեզու դասավանդմանն աջակցելու նպատակով սկսել է աշխատանքները տարրական և հիմնական դասարանների չինարենի ծրագրի շուրջ։ Ներկայումս չինարեն է դասավանդվում Վրաստանի 24 դպրոցում (13 հանրային և 11 մասնավոր)։