Վերստին հայտարարվել է վարորդական ուսումնական ավտոմեքենաների գնման տենդեր

Վրաստանի կառավարությունը վարորդական իրավունքի վկայականի գործնական քննության անցկացման նպատակով 50 միավոր ավտոմեքենայի գնման տենդերը վերստին հայտարարել է։ Կենտրոնական գնումների մարմնի հայտարարած տենդերի նախահաշվային արժեքը կազմում է 3,614 միլիոն լարի։ Ըստ այդմ՝ ստացվում է, որ մեկ միավորի արժեքը գերազանցում է 72 հազար լարին։

Հիշեցնենք, որ վարորդական իրավունքի վկայականի գործնական քննության համար նախատեսված ավտոմեքենաների գնման առաջին տենդերը Կենտրոնական գնումների մարմինը հայտարարել էր նախորդ ամիս։ Տենդերում հայտերի ընդունումն ավարտվել էր հունիսի 30-ին, և առաջարկ էր ներկայացրել միայն մեկ ընկերություն՝ «Ավտո Ցենտր Թբիլիսի» ՍՊԸ-ն։ Սակայն տեխնիկական փաստաթղթերի անբավարարության պատճառով ընկերությունը որակազրկվել էր։

Այս անգամ 50 ավտոմեքենայի գնման տենդերը հայտարարվել է 2 օր առաջ։ Հայտերի ընդունումն ավարտվում է հուլիսի 17-ին։ Գնման նախահաշվային արժեքն այս անգամ նույնպես կազմում է 3,614 միլիոն լարի։

Տեխնիկական առաջադրանքի համաձայն՝ նախատեսվում է ձեռք բերել ավտոմատ փոխանցման տուփով, ձախակողմյան ղեկով, սպիտակ գույնի ավտոմեքենաներ, որոնք պետք է բրենդավորվեն ՆԳՆ սպասարկման գործակալության խորհրդանիշներով։

Տենդերի պայմանների համաձայն, տրանսպորտային միջոցները պետք է նաև հարմարեցված լինեն վարորդական իրավունքի վկայական ստանալու գործնական քննության անցկացմանը։ Մասնավորապես, դրանք պետք է կահավորվեն կոշտ երկաթյա կառուցվածք ունեցող լրացուցիչ համակարգերով` արգելակման և գազի զուգահեռ ոտնակներով (աքսելերատոր), սրահում լրացուցիչ կենտրոնական հետին տեսադաշտի հայելիով, թափքի վրա առկա կողային (աջ և ձախ) հայելիների վերին մասում ամրացված լրացուցիչ հետին տեսադաշտի հայելիներով։

Փաստաթղթում նշված է նաև, որ հավակնորդը կարող է առաջարկել բարելավված բնութագրերով արտադրանք (բարելավված տարբերակ կհամարվի ձիաուժի ավելացումը կամ վառելիքի տեսակը՝ հիբրիդ)։

Ըստ տենդերի պայմանների՝ ավտոմեքենաները պետք է արտադրված լինեն 2026 թվականին։