Վրաստանն առաջին անգամ հրավեր է ստացել մասնակցելու Մոսկվայում անցկացվելիք «Եվրասիա» միջազգային մրցանակաբաշխությանը: «Եվրասիա» մրցանակաբաշխության կազմկոմիտեի համակարգող Ալյոնա Իվանովան հուլիսի 14-ին Թբիլիսիում մամուլի ասուլիս է անցկացրել։
Նրա գնահատմամբ` «Եվրասիա» մրցանակաբաշխությունը եզակի հարթակ է, որն օգնում է մասնակիցներին համատեղ մշակել նորարարական նախաձեռնություններ տարբեր երկրներում։
Մրցանակը հաղթողներին կհանձնվի միջազգային համագործակցության զարգացման, ավանդական արժեքների պաշտպանության և Եվրասիական տարածքում մշակութային կապերի պահպանման գործում ունեցած ներդրման համար։
Մրցանակը շնորհում են «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն:
Հուլիսի 14-ին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում, որին մասնակցել են մրցանակաբաշխության կազմկոմիտեի համակարգող Ալյոնա Իվանովան, լրագրող Գեորգի Ջաբիշվիլին, ռուսական «Իզվեստիա» պարբերականի թղթակիցը և ռուսամետ «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության նախագահ Միխեիլ Ժղենտին, նշվել է, որ Թբիլիսիի համար այդ մրցանակաբաշխությունը հատկապես կարևոր է, քանի որ Վրաստանը հայտնի է «իր հարուստ մշակութային ավանդույթներով, ակտիվ քաղաքացիական հասարակությամբ և մարդասիրական կապերը պահպանելուն ձգտող մարդկանցով»։
Գեորգի Ջաբիշվիլին ասել է, որ ավելի քան 30 տարի «Վրաստանը նմանատիպ նախագիծ չի տեսել, և ավելի լավ է ուշ, քան երբեք». «Լավ է, որ Ռուսաստանը ուշադրություն է հրավիրել նման նախագծի վրա»։
Ջաբիշվիլին հույս է հայտնել, որ «նախագիծը ժողովրդականություն կվայելի Վրաստանում»։