Հորդորում եմ քաղաքացիներին՝ ապահովագրական փաթեթներ ձեռք բերել. ՀՀ առողջապահության փոխնախարար

Հայաստանի Հանրապետության առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանն առաջարկում է քաղաքացիներին՝ արտերկրում հանգիստ կազմակերպելու դեպքում կարևորություն տալ նաև առողջության ապահովագրությանը: 

Փոխնախարարն օրինակ է բերել հուլիսի 7-ին Վրաստանում հանգստի մեկնող հայ ընտանիքի դեպքը: Հիշեցնենք՝ 8 հոգի Գորիի մոտակայքում վթարի էր ենթարկվել,  երկու մարդ տեղում մահացել էր, մնացածները տեղափոխվել էին Գորիի և Թբիլիսիի հիվանդանոցներ, որտեղից էլ Հայաստանի բժշկական կենտրոններ: Տուժածների Վրաստանում բուժման, ապա նաև տեղափոխման ծախսերն իր վրա էր վերցրել ՀՀ առողջապահության նախարարությունը.

«Նմանատիպ խնդիրներից զերծ մնալու համար ցանկալի կլիներ, որ մեր քաղաքացիները ուղևորություններ կազմակերպելու ժամանակ ունենան նաև ապահովագրական փաթեթներ: Խնդրում եմ մեր քաղաքացիներին՝ ինչ-որ տեղ ուղևորվելիս՝ անկախ նրանից ուր ու քանի օրով՝  թեկուզ մեկ, ձեռք բերել առողջապահական ապահովագրության փաթեթներ: Դրանով իրենք շատ կկարևորեն թե՛ իրենց, թե՛ իրենց պետությունը: Պետությունը պատրաստակամ է օգնելու, սակայն պետության միջոցներն անսահմանափակ չեն»,-  ասում է փոխնախարարը:

Բժշկական ապահովագրությունն արտերկրում քաղաքացու անվտանգությունն ու ապահովությունն է: Հայաստանում առողջության ապահովագրման համակարգը համեմատաբար նոր է` մոտ տասը տարի:

Արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրությունը հատուցում է արտասահմանում գտնվելու ընթացքում ապահովագրված անձի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի կամ նրա առողջական վիճակի վատթարացման հետևանքով առաջացած ծախսերը՝ անհետաձգելի բուժօգնություն, հայրենադարձության հետ կապված ծախսեր: