Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն հանդիպում է ունեցել Թուրքմենստանի կրթության նախարար Ջումամիրատ Գուրբանգելդիևի հետ։
Կրթության նախարարությունից հայտնել են, որ կողմերը քննարկել են երկու երկրների միջև կրթության, գիտության և երիտասարդության ոլորտներում գործընկերության խորացման հնարավորությունները, նաև խոսել են ապագա համագործակցության առաջնահերթությունների շուրջ։
«Գիվի Միքանաձեն գործընկեր նախարարին է ներկայացրել Վրաստանի կրթական համակարգում իրականացվող լայնածավալ բարեփոխումների հիմնական ուղղությունները և տեղեկատվություն տրամադրել կյանքի կոչվելիք նախաձեռնությունների վերաբերյալ։
Զրույցը վերաբերել է Վրաստանի և Թուրքմենստանի միջև ինչպես մասնագիտական, այնպես էլ նախադպրոցական, հանրակրթական ու բարձրագույն կրթության ուղղություններով կապերի խորացմանը և երիտասարդության ոլորտում փոխգործակցության ուժեղացման հեռանկարներին, այդ թվում՝ միջազգային երիտասարդական ճամբարների կազմակերպմանը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական ինստիտուտների գործընկերության ընդլայնման հարցին։
Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ակտիվորեն շարունակելու համագործակցությունը և նպաստելու համատեղ կրթական ծրագրերի իրականացմանը։
Հանդիպմանը ներկա են եղել Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ջաբա Սամուշիան և Վրաստանի տեխնիկական համալսարանի ռեկտոր Դավիթ Գուրգենիձեն»,- նշված է Կրթության նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։