Կախեթիում՝ «Ագարանի մամուլի» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի փաստով ձերբակալված Գիորգի Ճիղլաձեն 5000 լարի գրավի դիմաց ազատ է արձակվել։
Դատական նիստերին նա կմասնակցի ազատության պայմաններում։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Ճիղլաձեն դատավարության ընթացքում հայտարարել է, որ զղջում է արածի համար և չէր ցանկանում, որ նման բան տեղի ունենար։
Փաստաբան Լաշա Կապանաձեի խոսքով՝ Ճիղլաձեն շնորհակալություն է հայտնել վրաց հանրությանը, որն իր կողքին էր, և լրագրողներին, որոնք լուսաբանեցին այս պատմությունը։ Փաստաբանը չի բացառում, որ դատախազության հետ դատավարական համաձայնություն կկնքվի, քանի որ մեղադրյալն ընդունում է կատարվածը։
Փաստաբանի տեղեկացմամբ՝ հյուրանոցը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, պատրաստակամություն է հայտնել վճարել գրավի գումարը։
Ներքին գործերի նախարարությունը հարսանիքին տեղի ունեցած փաստի առթիվ հետաքննություն է սկսել առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս հասցնելու հոդվածով (Քրեական օրենսգրքի 120-րդ հոդված)։ Ձերբակալվածը փեսայի եղբայրն է՝ Գիորգի Ճիղլաձեն։
ՆԳՆ-ն հաղորդել է, որ վկաների ցուցմունքների համաձայն՝ հարսանիքի ընթացքում հյուրանոցում հանգստացող օտարերկրյա քաղաքացիները հյուրանոցային նախասենյակի պատշգամբից հայհոյել ու վիրավորել են հարսանիքի մասնակիցներին և ջուր են լցրել տեխնիկայի վրա, ինչից հետո մեղադրյալը ֆիզիկական վնասվածք է հասցրել օտարերկրացի կնոջը։
Տուժածը, համապատասխան բժշկական օգնություն ստանալու նպատակով, տեղափոխվել է կլինիկա։
Կադրերում երևում է, որ վնասվածք է ստացել նաև մեղադրյալ Ճիղլաձեն։ Փաստաբանի փոխանցմամբ՝ այս հարցով նույնպես նշանակվել է փորձաքննություն, սակայն դեռ չի անցկացվել։