Թբիլիսիում երեկ սպանված 17-ամյա տղան Նիկոլոզ Ղունաշվիլին է։
Երեկ ուշ երեկոյան Թբիլիսիի Վերա թաղամասի Խորավայի փողոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 4 մարդ է վիրավորվել, երկուսը` անչափահաս։ Ավելի ուշ 17-ամյա Նիկոլոզ Ղունաշվիլին կլինիկայում մահացել է։ Ուշ գիշերին ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Իրավապահները, թեժ հետքերով իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, հանցագործություն կատարած անձին դեպքից կարճ ժամանակ անց ձերբակալել են»։
Քիչ առաջ «Ինտերպրեսնյուս»-ը հանրայնացրել է Վերայում տեղի ունեցած կրակոցների և սպանության նոր մանրամասներ։ Պարբերականը գրել է, որ սկզբում վեճ է տեղի ունեցել ձերբակալված Նիկա Կապանաձեի մոր և վիրավորների միջև․ սրճարանից դուրս եկած երիտասարդներին, որոնց ավտոմեքենան կանգնած է եղել ձերբակալվածի բնակելի տան դիմաց, կինը դիտողություն է արել։ Առկա տեղեկատվությամբ՝ ձերբակալվածը հենց դրանից հետո է կրակ բացել։ Ըստ տեղեկության՝ ավտոմեքենայում գտնվող չորս անձանցից հրազենային կրակոցից արձակված գնդակը դիպել է երեքին, իսկ վարորդը չի տուժել։