2026 թվականի առաջին կիսամյակում Վրաստանը տուրիզմից ստացել է 1.93 միլիարդ դոլարի եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2%-ով պակաս է։ Այս տեղեկությունը տարածել է BM.GE-ն` վկայակոչելով Ազգային բանկի տվյալները։
Վիճակագրության համաձայն՝ եկամուտների նվազումը հիմնականում պայմանավորված է միջազգային այցելուների թվի կրճատմամբ։ Հունվար-հունիս ամիսներին Վրաստան է այցելել 2.73 միլիոն օտարերկրացի, ինչը 2025 թվականի առաջին կիսամյակի համեմատ 76 հազարով կամ 3%-ով պակաս է։
Չնայած դրան՝ մեկ այցելուի հաշվով միջին ծախսն ավելացել է։ Եթե 2025 թվականի առաջին կիսամյակում օտարերկրացի հյուրը Վրաստանում ծախսում էր միջինում 701 դոլար, այս տարի այդ ցուցանիշը հասել է 706 դոլարի։
Ազգային բանկի տվյալներով՝ մեկ այցելության ընթացքում ամենաշատ գումարը ծախսել են Իսրայելի (1519 դոլար) և Սաուդյան Արաբիայի (1469 դոլար) քաղաքացիները։ Եվրամիության երկրներից ժամանած այցելուների միջին ծախսը կազմել է 1347 դոլար, այնինչ Ռուսաստանի քաղաքացիների միջին ծախսը 503 դոլար էր, իսկ Թուրքիայի քաղաքացիներինը՝ 485 դոլար։
Նույն տվյալների համաձայն՝ չնայած 2026 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանից Վրաստան է ժամանել 610 հազար 825 այցելու, իսկ Եվրամիության երկրներից՝ ընդամենը 249 հազար 201, երկու շուկայից ստացված տուրիստական եկամուտը գրեթե հավասար է եղել։ Եվրամիության այցելուները Վրաստանում ծախսել են մոտավորապես 335.6 միլիոն դոլար, իսկ Ռուսաստանի քաղաքացիները՝ 307 միլիոն դոլար։
Ամենացածր միջին ծախսն ունեցել են Հայաստանի քաղաքացիները՝ 191 դոլար մեկ այցելության համար, չնայած Հայաստանը այցելուների թվով շարունակում է մնալ առաջատար երկրներից մեկը․ տարվա առաջին կեսին Վրաստանը Հայաստանից ընդունել է 360 հազար 50 այցելու։