Վրաստանում մեկնարկել է ավտոմեքենաների առցանց վերագրանցման գործընթացը

Այսօրվանից Վրաստանում ավտոմեքենաների վերագրանցումը (սեփականության փոխանցումը) հնարավոր կլինի նաև հեռավար տարբերակով, ասված է Սպասարկման գործակալության տարածած հաղորդագրության մեջ։

«Ներքին գործերի նախարարության Սպասարկման գործակալությունում գործարկվել է տրանսպորտային միջոցի հեռավար վերագրանցման ծառայությունը։ Սպասարկման գործակալության SERVICE AGENCY մոբայլ հավելվածի կամ Sa.gov.ge վեբկայքի միջոցով ֆիզիկական անձը կարող է հեռավար եղանակով օտարել իր անունով գրանցված տրանսպորտային միջոցը։ Ծառայությունից օգտվելու համար շահագրգիռ անձը պետք է անցնի նույնականացում (ավտորիզացիա) հավելվածում կամ վեբկայքում և հետևի հրահանգներին»,- նշված է հաղորդագրության մեջ։