Իրակլի Ղարիբաշվիլիի գործն ըստ էության քննելու համար փոխանցվել է դատարան

Կոռուպցիոն հանցագործության մեջ մեղադրվող նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գործն ըստ էության քննելու համար փոխանցվել է դատարան։ IPN-ը գրում է, որ որոշումը կայացրել է դատավոր Լելա Կալիչենկոն։

Նրանց տեղեկություններով՝  նիստում քննարկվել է ապացույցների թույլատրելիությունը, ինչպես նաև որոշվել է գործն ըստ էության քննության փոխանցելու հարցը։

Դատախազ Աննա Լեկիաշվիլիի պարզաբանմամբ՝ գործի կարճման իրավական հիմքեր չկան։

Պաշտպանական կողմի պարզաբանմամբ էլ՝ Ղարիբաշվիլիի նկատմամբ գործի վարույթը պետք է կարճվեր։ Փաստաբան Լալի Ափցիաուրիի խոսքով՝ Ղարիբաշվիլիի մեղադրանքը հիմնված է Ջուանշեր Բուրճուլաձեի և Վասիլ Մխեիձեի ցուցմունքների վրա։

Ափցիաուրիի խոսքով՝ Բուրճուլաձեի ցուցմունքը մակերեսային է, և նշված չեն հանցագործության կատարման հանգամանքները, թե ինչ ձևով է տեղի ունեցել գումարի ենթադրյալ փոխանցումը, հետևաբար ցուցմունքը, որը չի պարունակում հստակ փաստեր, չի կարող ընկած լինել գործի հիմքում։

Փաստաբանի խոսքով էլ՝ գործում առկա երկրորդ ապացույցը Մխեիձեի ցուցմունքն է, որն անուղղակի է, քանի որ Մխեիձեն չի եղել գումարի փոխանցման ականատեսը։ Նրա հայտարարությամբ՝ Բուրճուլաձեն և Մխեիձեն ազգականներ են, «երկուսն էլ արտոնություններ են ստացել, և, հետևաբար, նրանց միակ նպատակը սեփական ազատությունը ձեռք բերելն էր»։

Դատավոր Կալիչենկոն գործի վարույթը չի կարճել։

Հիշեցնենք՝ Ղարիբաշվիլիի դեմ ցուցմունք են տվել պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն և նրա ազգական, դատապարտյալ Վասիլ Մխեիձեն։ Նրանց ցուցմունքի համաձայն՝ գնումների, համապատասխան երաշխիքների և հովանավորչության դիմաց Ջուանշեր Բուրճուլաձեն որպես կաշառք ստացված 1 միլիոն 500 հազար լարիից 750 հազար լարին առձեռն փոխանցել է Իրակլի Ղարիբաշվիլիին, իսկ 750 հազար լարին պահել է իրեն։ Վերոհիշյալ գործողության հետևանքով պետությանը հասցվել է խոշոր չափի՝ 6 միլիոն 985 հազար 255 լարիի գույքային վնաս և էապես խախտվել է հանրային շահը։