Վրաստանի ԱԳ նախարարը Լավրովի հետ հանդիպման համար կանչվել է խորհրդարան

Ընդդիմադիր «Միացյալ Ազգային շարժումը» Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիին կանչում է խորհրդարան:

Լրագրողների հետ զրույցում կուսակցության խմբակցության նախագահ Ռոման Գոցիրիձեն ասել է, որ Դավիթ Զալկալիանին պետք է մանրամասն տեղեկատվություն տա Սերգեյ Լավրովի հետ հանդիպման վերաբերյալ:

«Երբ Դավիթ Զալկալիանին ներկայանա խորհրդարան, ստիպված կլինի խոսել այն մասին, թե ինչ է քննարկվել հանդիպմանը, ինչպես նաև հանդիպման նպատակահարմարության մասին: Գործող կանոնակարգի համաձայն, մենք նրան կանչում ենք խորհրդարան», — հայտարարել է Ռոման Գոցիրիձեն:

Գոցիրիձեի կարծիքով, Վրաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման մասին քաղաքական ուժերը և հասարակությունը պետք է նախօրոք տեղեկացված լինեին: