Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին Ռումինիայում քառակողմ նախարարական հանդիպման շրջանակներում հանդիպել է Ռումինիայի էներգետիկայի նախարար Դիմիտրու Կիսալիցայի հետ:
Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվությամբ՝ հանդիպման գլխավոր թեման եղել է երկկողմ տնտեսական համագործակցությունը և տարածաշրջանային էներգետիկ նախագծերի ընթացիկ առաջընթացը:
Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Սև ծովի ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխի նախագծին, որը պետք է միացնի Վրաստանի և Ռումինիայի էներգահամակարգերը և ամրապնդի Հարավային Կովկասի ու Եվրոպայի միջև էներգետիկ կապը: Գերատեսչության հաղորդմամբ՝ հանդիպմանն ընդգծվել է նաև, որ նախագծին արդեն շնորհվել է Եվրահանձնաժողովի փոխադարձ հետաքրքրության նախագծի (PMI) կարգավիճակ:
Բացի այդ, նախարարները քննարկել են «Կանաչ էներգետիկ միջանցքի» զարգացման հեռանկարները և վերականգնվող էներգիայի ռեսուրսների արդյունավետ օգտագործման հարցերը: Հանդիպմանը նաև նշվել է, որ Վրաստանի կառավարությունն աշխատում է էներգետիկայի ոլորտում օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ:
Հանդիպումը կայացել է «Կանաչ էներգիայի զարգացման և հաղորդման ոլորտում ռազմավարական գործընկերության մասին» Վրաստանի, Ադրբեջանի, Ռումինիայի և Հունգարիայի համաձայնագրի 13-րդ նախարարական հանդիպման շրջանակներում, որին ներկա են եղել նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Գենադի Արվելաձեն և Ինգա Փխալաձեն:
Միևնույն ժամանակ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին մասնակցել է Ռումինիայում կայացած «Կանաչ էներգետիկ միջանցքի» թվով 13-րդ նախարարական հանդիպմանը: