Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Վրաստանի կառավարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ զրույցի հիմնական թեման եղել են տարածաշրջանային զարգացումները:
Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանի կարևորագույն նպատակը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումն է, և Վրաստանը պատրաստ է կատարել իր խաղաղապահ գործառույթը՝ Հարավկովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու համար:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Վրաստանի վարչապետի միջնորդությամբ և ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությանը, որի արդյունքում Ակնայի (Աղդամի) ականապատ քարտեզի դիմաց 15 հայ գերի ազատ արձակվեց։ Նշվել է, որ այս համաձայնությունը լավ հիմք է հարևանների միջև հետագա համագործակցության համար:
Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է նաև երկու երկրների ռազմավարական գործընկերության հետագա խորացման ուղղությամբ Էրդողանի հատուկ ջանքերը:
Շեշտը դրվել է երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական կապերի ընդլայնման առաջնահերթության վրա:
Կողմերը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացումը: Նշվել է, որ տարածաշրջանային նշանակության համատեղ նախագծերը արդյունավետ ռազմավարական գործընկերության, կայուն զարգացման, Վրաստանի և Թուրքիայի միջև հուսալի գործընկերության լավ օրինակ են: Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել եռակողմ համագործակցության` Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան ձևաչափին, որի շրջանակներում կողմերը կքննարկեն տարբեր ոլորտների հարցերի լայն շրջանակ:
Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել նախագահ Էրդողանին Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ինչպես նաև եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման գործընթացում ցուցաբերած անձնական աջակցության համար: