Վրաստանում ՀՀ դեսպանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ներկայացնում ենք դեսպանի ուղերձն՝ անփոփոխ.

«Սիրելի վիրահայեր, եղբայրական վրացի ժողովուրդ

Սրտանց շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ ձեզ և ձեր ընտանիքներին մաղթելով առողջություն և նորանոր հաջողություններ։

Թող գալիք 2022 թվականը ամբողջ աշխարհի և, մասնավորապես, մեր տարածաշրջանի համար լինի խաղաղության, կայունության և բարօրության տարի։

Անցնող տարին նշանակալի տարի էր հայ-վրացական հարաբերությունների համար։ Չնայած համավարակի ստեղծած դժվարություններին՝ տեղի ունեցան բարձր մակարդակի մի շարք փոխայցելություններ, իրագործվեցին բազմաթիվ կարևոր պայմանավորվածություններ, նախանշվեցին նոր ծրագրեր։ Օրեր առաջ Թբիլիսիում երկու երկրների վարչապետների համանախագահությամբ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը, որի ընթացքում տեղի ունեցած քննարկումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները խոստանում են նոր հորիզոններ բացել հայ-վրացական բարեկամական հարաբերություններում։

Հայ և վրացի ժողովուրդների արժեհամակարգում ընտանիքն ունի առանցքային նշանակություն, և նաև դա է պատճառը, որ ընտանեկան տոն համարվող Նոր տարին առանձնահատուկ վերաբերմունքի է արժանանում մեր կողմից։

Տա Աստված, որ 2022 թվականին ամեն հարկի տակ թևածեն սերը, ջերմությունն ու լավատեսությունը, իրականություն դառնան մեր բոլոր բարի ու նվիրական ցանկությունները, հույսերն ու սպասումները: Հայաստանն ու Վրաստանն էլ Նոր տարում գրանցեն նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Աստված պահապան հայ և վրացի եղբայրական ժողովուրդներին»: