Նախագահը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ շնորհավորել է վիրահայերին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հայ առաքելական եկեղեցուն և Վիրահայոց թեմին շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։

«Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ՝ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա ծխականներին աշխարհի բոլոր ծայրերում, հատկապես Վրաստանում բնակվող մեր հայազգի քաղաքացիներին։

Նրանց հետ շնորհավորում եմ նաև այն ​​դավանանքների ներկայացուցիչներին, ովքեր այսօր նշում են Տիրոջ Ավետումը։ Միանում եմ ձեր ուրախությանը և մաղթում խաղաղություն, առողջություն և բարեկեցություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախագահը:

Հիշեցնենք՝ Հայ առաքելական եկեղեցին այսօր՝ հունվարի 6-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը:

Հայ առաքելական եկեղեցու բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան տոնական Սուրբ պատարագ, որի ավարտին կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի՝ խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը սուրբ Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն, ժողովուրդն այդ ջրից տուն է տանում, որպես բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև՝ քահանան այցելում է հավատացյալների տները` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի սովորույթը:

Այսօր քրիստոնյաները միմյանց ողջունում են «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» ավետիսով, որի պատասխանն է «Ձեզ և մեզ մեծ ավետիս»:

Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը եկեղեցական օրացույցում տարվա առաջին տոնն է։