Աբոնեմենտային համակարգի քարտերը կկապվեն բանկային քարտերին

Լուսանկարը՝ Թբիլիսիի քաղաքապետարանի

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հասարակական տրանսպորտով երթևեկելու համար նախատեսված անսահմանափակ բաժանորդագրային (աբոնեմենտային) համակարգի քարտերը կկապվեն հաճախորդների բանկային քարտերին, և նրանք ստիպված չեն լինի կրել առանձին պլաստիկ քարտ։ Այս մասին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Ուզում եմ հիշեցնել, որ երբ ուժի մեջ մտավ հասարակական տրանսպորտից օգտվելու բաժանորդագրման համակարգը, անմիջապես հայտարարություն արեցինք, որ առաջիկայում հնարավոր կլինի այդ աբոնեմենտները կցել բանկային քարտերին։ 

Հավանաբար, արդեն մայիսից, հաճախորդները հնարավորություն կունենան իրենց բանկային քարտի օգնությամբ ակտիվացնել յուրաքանչյուր ժամանակավոր աբոնեմենտ» — ասել է քաղաքապետը։

Կալաձեն նաև հայտնել է, որ մինչ այս պահը վաճառվել է 55 000 աբոնեմենտ՝ ընգծելով, որ այս գործընթացը շարունակվում է, ինչը շատ ողջունելի է։

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարից Թբիլիսիում հասարակական տրանսպորտով (մետրո, ավտոբուս, միրոավտոբուս) երթևեկության համար ուժի մեջ է մտել անսահմանափակ բաժանորդագրային (աբոնեմենտային) համակարգ։