Աբխազ եղբայրներին հաշտեցման և վստահության վերականգնման քաղաքականություն ենք առաջարկել. վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարություն է տարածել Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի օրվա (Աբխազեթոբա) վերաբերյալ:

Ղարիբաշվիլին նշել է՝ իշխող «Վրացական երազանքի» քաղաքական թիմն «աբխազ եղբայրներին» առաջարկել է նոր մոտեցում՝ հաշտեցման և վստահության վերականգնման քաղաքականություն։ Ըստ նրա՝ «Վրացական երազանքի» կառավարության հիմնական նպատակներից մեկը փոխադարձ վստահություն վաստակելն է։

«Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի օրհնությամբ մայիսի 23-ին Վրաստանում նշում ենք «Աբխազեթոբան»-ն։ Շնորհավորում եմ բոլորին, առաջին հերթին մեր աբխազ հայրենակիցներին` այսօրվա կապակցությամբ։

«Վրացական երազանքի» քաղաքական թիմը մեր աբխազ եղբայրներին առաջարկել է նոր մոտեցում՝ հաշտեցման և վստահության վերականգնման քաղաքականություն, քանի որ մինչ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելը մեր կառավարության հիմնական նպատակներից մեկը միմյանց վստահությունը շահելն է և մեր եղբայրներին, մեր աբխազ ժողովրդին հետ բերելը»,- ասել է վարչապետը:

Ղարիբաշվիլիի խոսքով, վրացիներն ու աբխազներն ունեն մեկ պատմություն և մշակույթ, նույնն են նաև արժեքները և երեխաների համար ավելի լավ ապագայի ձգտելու ցանկությունը.

«Սա է, որ մեզ հույս է տալիս, որ փոխադարձ հարգանքի և վստահության ու բարեկամության վերականգնումը մեզ կդարձնի ուժեղ, միասնական, զարգացած և եվրոպական երկիր։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին Աբխազիայի օրվա առթիվ։ Խաղաղություն և զարգացում եմ մաղթում մեր հայրենիքին՝ Վրաստանին»: