Աբխազական կողմը կոչ է անում չմիջամտել «ներքաղաքական օրակարգին»

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) արձագանքել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը: Դե ֆակտո ԱԳՆ-ն Վրաստանի միջամտությունն «Աբխազիայի ինքնիշխան Հանրապետության ներքաղաքական օրակարգին» անընդունելի է համարում։

Զուրաբիշվիլին մայիսի 31-ին Եվրախորհրդարանում իր ելույթի ավարտին դիմել է աբխազական համայնքին, որը մտահոգված է «Աբխազիայի օտարմամբ» (նկատի ունի Բիճվինթայի տարածքները Ռուսաստանին հանձնելու, բնակարանների մասին օրենքի դեմ պայքարողներին, մայիսի 31-ին Սոխումիում անցկացված հանրահավաքի մասնակիցներին — խմբ.) և համերաշխություն է հայտնել։

«Եթե Սալոմե Զուրաբիշվիլին այդքան անհանգստացած է Աբխազիայի քաղաքացիների ճակատագրով, մենք խորհուրդ ենք տալիս ճնշում գործադրել Վրաստանի կառավարության վրա՝ ստորագրելու Աբխազիայի և Վրաստանի միջև ուժի չկիրառման մասին համաձայնագիր»,- նշել են դե ֆակտո ԱԳՆ-ից։

Բացի այդ, Զուրաբիշվիլիին պատասխանել են նաև աբխազական ընդդիմադիր ուժերը։ Ըստ նրանց՝ վրացի քաղաքական գործիչների սիրելի զբաղմունքն է մանիպուլյացիան, որի նպատակը Աբխազիայի և Ռուսաստանի միջև «հարաբերություններին վնասելն է»։

«Աբխազիայում հակառուսական տրամադրություններ չկան ո՛չ հասարակության, ո՛չ էլ քաղաքական շրջանակներում»,- նշել են աբխազ «ընդդիմադիրներները»: