Աբխազական կողմի կարծիքով՝ Վրաստանն ամենաշատն է արժանի ԵՄ անդամակցությանը

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահի միջազգային հարցերով օգնական Մաքսիմ Ղվինջիայի խոսքով՝ «եթե երեքից (խմբ. նկատի ունի ասոցացված եռյակից) որևէ մեկն արժանի է ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակին, ապա դա Վրաստանն է»:

Այս մասին Ղվինջիան ասել է Մոսկվայի և Սոխումիի միջև հեռակոնֆերանսի («Աբխազիայի անվտանգությունը Վրաստանի և Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում») ժամանակ:

«Այն փաստը, որ Ուկրաինան ու Մոլդովան ստացել են ԵՄ թեկնածուի կարգավիճակ, պոպուլիստական ​​քայլ է։ Սա տարածաշրջանում ապակայունացման միտումնավոր սադրանք է: Այդ իսկ պատճառով այս որոշմանը պետք չէ շատ լուրջ վերաբերվել»,- ասել է Ղվինջիան:

Վրաստանում և Ուկրաինայում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ Ղվինջիան ասել է.

«Վրաստանում տեղի ունեցած ներքին փոփոխություններն ու բարեփոխումները չեն կարող համեմատվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ։ Միաժամանակ, Եվրահանձնաժողովը Ուկրաինային տվել է թեկնածուի կարգավիճակ, Վրաստանին՝ ոչ։ Պարզ է, որ Վրաստանին չեն տվել ուկրաինական իրադարձությունների լույսի ներքո։ Դա բացատրվում է նրանով, որ Վրաստանը չի միացել հակառուսական պատժամիջոցներին»:

Նշենք, որ հեռակոնֆերանսի ընթացքում քննարկմանը մասնակցել է նաև Աբխազիայի դե ֆակտո փոխարտգործնախարար Իրակլի Տուժբան։

Հիշեցնենք՝ հունիսի 23-ին Եվրախորհուրդը վերջնական որոշում ընդունեց, որով Ուկրաինային և Մոլդովային կից պայմաններով թեկնածուի կարգավիճակ է տվել, Վրաստանին՝ եվրոպական հեռանկար։

Կարդացեք նաև՝

Եվրահանձնաժողովը չի աջակցում Վրաստանի՝ թեկնածուի կարգավիճակին