Եվրահանձնաժողովը չի աջակցում Վրաստանի՝ թեկնածուի կարգավիճակին

Եվրահանձնաժողովն այս փուլում չի աջակցում Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալուն։

Եվրահանձնաժողովը հանձնարարական է տալիս. Ուկրաինային և Մոլդովային կտրվի թեկնածուի կարգավիճակ՝ կից պայմաններով, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար և պայմաններ, որոնք պետք է կատարվեն մինչև թեկնածուի կարգավիճակ ստանալը։

Որոշումը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Վարհեյը։

Թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ վերջնական որոշումը կընդունի Եվրոպական խորհուրդը հունիսի 23-24-ին կայանալիք գագաթնաժողովում, որը բաղկացած կլինի ԵՄ անդամ պետությունների ղեկավարներից, Խորհրդի նախագահից և Եվրոպական հանձնաժողովի նախագահից։

Նշենք նաև՝ որպես կանոն, Եվրահանձնաժողովի կարծիքը կարևոր փաստաթուղթ է, սակայն Եվրոպական խորհրդի կողմից այն հաշվի առնելը պարտադիր չէ, և նույնիսկ հնարավոր է, որ վերջինս ընդունի եվրոպական գնահատականից տարբերվող քաղաքական որոշում։