Դատավորների վերապատրաստման ամերիկյան ծրագրերը կշարունակվեն․ դեսպան

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը հայտարարել է, որ վրացի դատավորների վերապատրաստման ամերիկյան ծրագրերը շարունակվելու են։

Դեգնանը նշել է, որ ԱՄՆ-ի տարիներ շարունակվող ջանքերի արդյունքում առաջընթաց է նկատվում ոլորտում, սակայն աշխատանքներն այդ ուղղությամբ պետք է շարունակել, քանի որ նույն խնդրի համապարփակ լուծումն է պահանջում նաև Եվրամիությունը։

«Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել Վրաստանից բազմաթիվ դատավորների հետ։ Նրանցից շատերը մասնակցել են փոխանակման ծրագրերի, կրթական դասընթացների, բացի այդ ամերիկացի դատավորները Վրաստանում հաճախ հանդիպումներ են անցկացնում՝ լավագույն փորձը կիսելու համար»,- ասել է դեսպանը։

Հարկ է նշել, որ արդարադատության բարձրագույն խորհրդի նորընտիր անդամ, Թբիլիսիի վերաքննիչ դատարանի դատավոր Լևան Մուրուսիձեն քննադատել է ԱՄՆ դեսպանատան ծրագիրը, որի միջոցով դատավորները ծանոթանում են ամերիկացի դատավորների փորձին: