Սաակաշվիլիին միանալու պատճառը Զուրաբիշվիլիին դեմ լինելն է. Ուգուլավա

«Եվրոպական Վրաստան»-ի առաջնորդ Գիգի Ուգուլավան վերադառնալով Հելսինկիից, որտեղ ԵԺԿ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել էր նախկին կուսակից, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, հանդես է եկել մեկնաբանությամբ։

Նա փորձել է պարզաբանել, թե ինչու է «Եվրոպական Վրաստան»-ը հաշտվել Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ, որի շարքերից ինքը մի շարք ազդեցիկ գործիչների հետ 2 տարի առաջ հեռացել էր լուրջ տարաձայնությունների պատճառով։

Ուգուլավան ասել է, որ միասնական են միայն Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ հանդես գալու հարցում, ապագայում չեն պատրաստվում միավորվել նույն կուսակցությունում:

Մեկնաբանելով Սաակաշվիլիի «Մենք մի ընտանիք ենք» հայտարարությունը, Ուգուլավան ասել է, որ Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամներն ու օտարերկրյա գործընկերներն իրենց մի ընտանիք են համարում։ «Դրանում զարմանալի ոչինչ չկա, սակայն իրականում «Միացյալ ազգային շարժումն» ու «Եվրոպական Վրաստանը» ընդհանրություններ չունեն»,-նկատել է նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Հելսինկիում «Ազգային շարժում» կուսակցությունից առանձնացած «Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից Գիգի Ուգուլավան հանդիպել էր Միխեիլ Սաակաշվիլիին և նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեին: