Բուրջանաձեն խոսում է ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման մասին

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն անդրադարձել է ռուս-վրացական հարաբերություններին, ինչպես նաև իր՝ ռուսամետ լինելու մասին խոսակցություններին։

«Ինչու՞ եմ ես ռուսամետ ընկալվում, երբ ասում եմ, որ բանակցությունների ճանապարհով Վրաստանը պետք է միավորեմ, հզորացնեմ, երկրի տարածքից ռուսական զորքերը հեռացնեմ»,- նման հարցադրում է արել Բուրջանաձեն՝ հյուրընկալվելով առաջին ալիքի «Նախագահական ընտրություններ- 2018» հաղորդաշարին։

Նա խոսքով, վերջին տարիներին «հիստերիա» է բարձրացել հարցի շուրջ, սակայն որևէ մեկը չի վերլուծում իրավիճակը՝ «իրականում Ռուսաստանի հետ հարաբերություններն ու թե ինչ է առաջարկում այսպես կոչված ռուսամետ կուսակցությունը»:

Բուրջանաձեն նկատել է, որ իր հետ զրույցներում երկրի քաղաքացիներից որևէ մեկը չի համաձայնել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը, սակայն մեծամասնությունն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումը:

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակը վերջում նշել է, որ դիվանագիտությունում և քաղաքականությունում մշտական թշնամիներ կամ բարեկամներ չկան՝ օրինակ բերելով Թուրքիայի հետ հարաբերությունները։ «Վրացիներն ու թուրքերը դարեր շարունակ ոխերիմ թշնամիներ էին, իսկ այժմ ռազմավարական գործընկերներ են»,-ընդգծել է նա: