Աբխազիան և Սիրիան աջակցում են Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմանը

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտգործնախարար Ինալ Արձինբան և Սիրիայի գլխավոր դիվանագետ Ֆեյսալ Միկդադը, վերջինիս Սոխումի կատարած այցի շրջանակներում, ստորագրել են համատեղ հայտարարություն՝ աջակցելով Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժմանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերն իրենց աջակցությունն են հայտնում Ռուսաստանի Դաշնության «հատուկ գործողությանը», ինչպես նաև «Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների» և Ուկրաինայի այլ շրջանների ժողովուրդներին, ովքեր ցանկանում են օգտվել ինքնորոշման իրավունքից։

Հայտարարության համաձայն՝ Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ գործողությունն» ուղղված է ավելի արդար աշխարհակարգի ձևավորմանը, որտեղ հարգվում են ժողովուրդների իրավունքներն ու պատմական ճակատագիրը։

Կողմերը դատապարտում են արևմտյան երկրների կողմից միակողմանի հարկադրական միջոցների անօրինական ռեժիմը ​​Աբխազիայի, Սիրիայի, Ռուսաստանի և ցանկացած այլ երկրների նկատմամբ, որոնք կհամարձակվեն միջազգային ասպարեզում արտահայտել իրենց կարծիքը։

«Մենք ցանկանում ենք միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ միակողմանի հարկադրանքի միջոցներn անօրինական են, անիմաստ, բացարձակապես հակաարդյունավետ և անմարդկային», — ասված է հայտարարության մեջ։

Ստորագրումից հետո կայացած համատեղ ճեպազրույցում Միկդադն ու Արձինբան ասել են, որ «Սիրիայի և Աբխազիայի ժողովուրդները միասնական են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում» և կոչ են արել անօրինական օտար ուժերին անհապաղ հեռանալ Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքից։

Նշեք, որ Սիրիան Աբխազիայի և Հարավային Օսիայի «անկախությունը» ճանաչել է 2018 թվականի մայիսին։ 2020 թվականի հոկտեմբերի 6-ին Դամասկոսում բացվել է «Աբխազիայի Հանրապետության դեսպանատունը»։

Սիրիայի ԱԳ նախարարը կայցելի Աբխազիայի դե ֆակտո Հանրապետություն