Ադիգենի մունիցիպալիտետի Բոլաջուրի գյուղի բնակիչ Ջաբա Չխիտունիձեն, որը 2012 թվականին եղբոր հետ միասին իր ծննդավայր գյուղում ղեկավարում էր «Վրացական երազանք»-ի գրասենյակը, պետությունից ուղղակի սեփականաշնորհման ձևով ստացել է մինչև 29 հեկտար վարելահող։
Այնուհետև պահեստ կառուցելու համար պետությունը նրան ֆինանսավորել է 497 հազար 961 լարիով, տնկիների համար՝ մոտ 70 հազար լարի, և տրամադրել չորս արտոնյալ ագրովարկ՝ 103 հազար 551 լարիի չափով։
Այս տեղեկությունը հայտնել է «Transparency International — Georgia»-ն։
Ջաբա Չխիտունիձեն «վերջին երկուսուկես տարում, ընդհանուր առմամբ, ստացել է նաև 15 մլն 33 հազար 529 լարիի պետական գնումներ»։
2023 թվականին Ջաբա Չխիտունիձեն, որպես անհատ ձեռնարկատեր, նոր ձեռք բերված հողամասում 7 հեկտարի վրա պտղատու այգի հիմնելու համար պետությունից ստացել է 69 հազար 999 լարիի ֆինանսավորում։ Գյուղի զարգացման գործակալության «Տնկիր ապագան» ծրագրի շրջանակներում 4 հեկտարի վրա խնձորի այգի հիմնելու համար նրան փոխանցվել է 47 հազար 332 լարի, 1 հեկտար կեռասի համար՝ 19 հազար 82 լարի, և 2 հեկտար մորու (ազնվամորու) մշակման համար՝ 3585 լարի։
Նույն տարում նաև նրա «Ագրո Քարթուլի Նատուրալ» ընկերությունը ստացել է ևս երկու արտոնյալ ագրովարկ։ Պայմանագրերով սահմանված համաֆինանսավորման գումարը կազմել է 40 հազար 950 լարի։