ԱԳ նախարարը ողջունում է Պուտինի որոշումը

Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին ողջունել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի և երկու երկրների միջև ավիահաղորդակցության արգելքի չեղարկման մասին Ռուսաստանի նախագահի որոշումը։

Արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է՝ որոշումը կհեշտացնի Վրաստանի քաղաքացիների կյանքը։

«Ռուսաստանում ապրում են մեր ավելի քան մեկ միլիոն քաղաքացիները, ովքեր սերտ կապեր ունեն Վրաստանում իրենց մտերիմների, հարազատներ հետ, և մարդասիրական տեսանկյունից դիտարկվող այս որոշումը ողջունելի է ցանկացած պատասխանատու կառավարության համար»,- ասել է Դարչիաշվիլին։

Ըստ ԱԳ նախարարի՝ վիզային ռեժիմի չեղարկումը «Ռուսաստանի ինքնիշխան որոշումն է»։

Դարչիաշվիլին նաև նշել է՝ ցանկացած երկիր ինքն է որոշում, թե որ երկրի քաղաքացիների համար սահմանի առանց վիզայի ռեժիմ, որ երկրի քաղաքացիների համար այն չեղարկի։

Ի դեպ, Պուտինի որոշմամբ Ռուսաստանը մայիսի 15-ից չեղարկում է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը՝ վերացնելով նաև ուղիղ չվերթների արգելքը։

Պաշտոնական Թբիլիսին դեռևս որևէ մեկնաբանություն չի արել։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ ավիաչվերթների արգելքը սահմանել է 2019 թվականի ամռանը՝ «Գավրիլովի գիշերից» հետո։

Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ է մտցրել 23 տարի առաջ՝ 2000 թվականին։ Հատկանշական է, որ Վրաստանն իր հերթին ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացրել է 2012 թվականին։