Հպարտ եմ Վրաստանը ներկայացնելու համար, երջանիկ՝ հայերի աջակցությունով․ Խեչանովա

Այս օրերին Մեծ Բրիտանիան հյուրընկալել է Եվրատեսիլ երգի մրցույթը, որում Վրաստանը ներկայացնում է թբիլիսահայ երգչուհի Իռու Խեչանովան։ Մրցույթը մեկնարկել է մայիսի 9-ին և կավարտվի մայիսի 13-ին, Վրաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա վաղը՝ մայիսի 11-ին։

«Շատ լավ եմ տրամադրված, դրական հույզերով, հենց նոր առաջին փորձն ավարտեցի, երեկոյան գլխավոր փորձը կունենամ։ Չեմ համբերում, թե երբ եմ կանգնելու Եվրատեսիլի բեմին՝ արժանավայել ներկայացնելու Վրաստանը», — ասում է Խեչանովն «Ալիք մեդիայի» հետ զրույցում։

«Շատ քիչ ժամանակ է մնացել մինչև կիսաեզրափակիչ փուլ», — նկատում է երգչուհին, ընդգծելով՝ «այս պահին միայն մի բան կարող եմ ասել, որ ամենաերջանիկն եմ, որ ինձ տրվեց Վրաստանը ներկայացնելու հնարավորությունը, ինչի համար կանեմ առավելագույնը»։

Իռու Խեչանովը նաև իր շնորհակալությունը հայտնեց վիրահայ համայնքին․

«Վիրահայերին շատ շնորհակալ եմ հսկայական աջակցության համար, ուզում եմ իմանան, որ ամեն ինչ կանեմ, որ առավելագույն արդյունքն ունենանք միասին։ Հույս ունեմ որ ավելի կակտիվանաք, կաջակցեք ինձ։ Ես հպարտ եմ, որ ներկայացնում եմ Վրաստանը և ամենաերջանիկն եմ, որ հայերը կողքիս են»։

Նշենք, որ Խեչանովայի օգտին Հայաստանի Հանրապետությունից քվեարկելու համար անհրաժեշտ է 1004 կարճ համարին ուղարկել «11» հաղորդագրությունը։

Հիշեցնենք, որ թբիլիսահայ 22-ամյա երգչուհին ընտրվել է «մեծահասակների» Եվրատեսիլում ելույթ ունենալու համար՝ Վրաստանի Առաջին ալիքի The Voice երաժշտական ​​նախագծի արդյունքներով։