Աղքյորփի․ Վրաստանի նոր Բորժոմին` ճանապարհի վերանորոգումից հետո

Մառնեուլի շրջանի Աղքյորփի գյուղի բոլոր խնդիրները կապված են հիմնական ճանապարհի վերակառուցման հետ: «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է Աղքյորփիի վարչական միավորի (վարչական միավորում երեք գյուղ է՝ Աղքյորփի, Չանախչի և Ուլյանովկա) Մառնեուլիի քաղաքապետարանի ներկայացուցիչ՝ գյուղապետ Զաալ Նադիրաձեն:

Անցյալ տարի աշնանը գյուղում նորոգման աշխատանքներ սկսվեցին․ գյուղամիջյան 9 կմ ճանապարհի աշխատանքները, սակայն, սահմանափակվեցին միայն քարեր լցնելով ու հարթեցնելով: «Ալիք մեդիայի» հետ զրույցում Աղքյորփիի գյուղապետն այդ ժամանակ ասել էր, որ «բյուջեից բետոնապատման համար նախատեսված գումարը դուրս է գրվել, աշխատանքները կիրականացվեն հաջորդ տարի»:

Շուրջ մեկ տարի անց էլ, սակայն, հարցը մնում է օդից կախված։

«Բետոնատար մեքենան չի կարող գյուղ գալ: Դա թանկարժեք տեխնիկա է, այս ճանապարհներին շարքից դուրս կգա, հետևաբար, մեքենայի սեփականատերերը հրաժարվում են այս գյուղում աշխատելու առաջարկից», — ասում է գյուղապետը՝ հավելելով, որ ինքը այդուհանդերձ շարունակում է բանակցությունները, որպեսզի Սադախլո-Ծոփ-Աղքյորփի ճանապարհի վերանորոգման արդյունքում առանձնացված հին ասֆալտը գոնե բերվի Աղքյորփի՝ բետոնատար մեքենաների համար փոքր-ինչ երթևեկելի դարձնելու ճանապարհը:

Մինչ կպարզվի ճանապարհը վերանորոգվելու է, թե ոչ, արդեն ավտոբուսի կանգառներ են կառուցվել գյուղում, փոխվել են նաև դպրոցի դարպասները։ Սա «Գյուղի աջակցության» ծրագրի շրջանակներում է, այն տեղացիներին հնարավորություն է տալիս որոշել առաջնային անելիքները։

«Հավաքվեցինք, միասին որոշեցինք, թե գյուղի համար ինչն է առաջնային, ինչ կառուցել: Մենք փոխեցինք դպրոցի դարպասները, որովհետև ուսուցիչները խնդրեցին, որ կենտրոն է, լավ կլինի երկաթե դարպասներ լինեն, ոչ թե փայտե», — ասում է Զաալ Նադիրաձեն:

Ըստ նրա, եթե ճանապարհը կառուցվի կանգառներն արդեն պատրաստ են: Բացի այդ, գյուղին հատկացված գումարը միայն այդ ծրագրերի իրականացմանն է բավարարել:

«Երբ ես առաջին անգամ եկա այս գյուղ, տեսա, որ մարդիկ կտրված են արտաքին աշխարհից», — ասում է Նադիրաձեն՝ հավելելով, որ հասավ ավտոբուսի հարցի լուծմանը։

Այսօր արդեն գյուղից օրումեջ ավտոբուս է գնում Մառնեուլի. դա է գյուղը Մառնեուլիին կապող միակ տրանսպորտը: Ավտոբուսը Աղքյորփի գյուղին հատկացվեց 2015-ին՝ ամենօրյա ռեժիմով աշխատելու նպատակով, սակայն, ուղևորներ չունենալու պատճառով ամեն օր չաշխատեց։

Նադիրաձեն ասում է՝ վարչական միավորի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո Աղքյորփի, Չանախչի և Ուլյանովկա գյուղերում շատ բան է արվել: Աղքյորփիում գիշերային լուսավորում է տեղադրվել, կառուցվել է խաղահրապարակ՝ ֆուտբոլի դաշտ, արարողությունների սրահ՝ իր բոլոր պարագաներով, գյուղամիջյան ճանապարհները մի քանի անգամ հարթեցվել են, զուգարաններ են կառուցվել, վերջապես որակյալ ինտերնետ կապը հասել է նաև Մառնեուլի շրջանի վերջին գյուղ:

Այժմ բանակցություններ են տարվում Աղքյորփի գյուղում մանկապարտեզ կառուցելու հարցի շուրջ: Բացի այդ, Չանախչիում շուտով դպրոց կկառուցվի, մրցույթն արդեն հայտարարված է: Այստեղ ևս արդեն գիշերային լուսավորում կա:

Աղքյորփիիում նույնիսկ բնակիչները սկսել են մտածել իրենց տները հյուրատան վերածելու մասին, որովհետև, եթե ճանապարհը կառուցվի, հույս ունեն ներքին զբոսաշրջիկները այստեղ նոր Բորժոմի են հայտնաբերելու։

«Ճանապարհի վերանորոգումից հետո Մառնեուլիի կեսից ավելին Աղքյորփիում է հանգստանալու: Մաքուր օդ, ամեն ինչ էկոլոգիապես մաքուր: Հանգստանալու համար ևս թանկ չէ. Բորժոմի գնալու համար եռակի ավելի են ծախսում մարդիկ, իսկ մի չքնաղ  բնություն էլ այստեղ կա․․․», — այսպես է Նադիրաձեն պատկերացնում գյուղի ապագան՝ վստահեցնելով, որ Աղքյորփի հանգստավայր ունենալը շատ մոտ ապագայի հարց է։

Նոր կազմավորվելիք հանգստավայրը, որ սահմանակից է Հայաստանին, գյուղապետը վստահ է՝ դառնալու է նաև հաճելի այլընտրանք Բագրատաշենի անցակետով բեռնափոխադրումների համար։ Բեռնատարների վարորդներն իրենց գիշերակացը կազմակերպելու են Աղքյորփիիում՝ զարկ տալով նաև տեղի անցակետի շարժին։

Արդեն մոտ 20 կմ երկարության Սադախլո-Աղքյորփի հիմնական ճանապարհի 6 կմ հատվածը վերանորոգվում է: Ըստ Նադիրաձեի` հաջորդ փուլը կլինի կամուրջների վերականգնումը, այնուհետև ճանապարհի վերանորոգումը մինչև Հայաստանի սահման (Աղքյորփիի հատված): Հայկական կողմն էլ իր հերթին պետք է սկսի ճանապարհի շարունակության վերանորոգումը: Ասում է՝ դա կլինի ևս մեկ նոր բարեկամության ճանապարհ երկու երկրների միջև: