Մառնեուլիում փլուզված պատշգամբի հետևանքով տուժած շենքի բնակիչները ցույց են անցկացրել

Մառնեուլի քաղաքի Նարիմանովի թիվ 1 շենքի բնակիչները քաղաքապետարանի հարակից տարածքում բողոքի ցույց են անցկացրել: Փոխանցում է MarneuliFM-ը:

Խոսքը հունիսի 26-ին 5 հարկանի շենքի 5-րդ հարկի պատշգամբի փլուզման հետևանքով տուժած բնակիչների մասին է: Վերջիններիս խոսքով՝ փլուզումից հետո իրենք ​​վախի մեջ ապրում, քանի որ շենքի նկուղն էլ գրեթե ճահճի մեջ է, իսկ շենքը նույնիսկ նորմալ տանիք չունի։

Նրանց խոսքով, անձրևների ժամանակ ջուրը հոսում է բնակարաններ: Միջոցներ ձեռնարկելու համար պահանջել են հանդիպում քաղաքապետարանում՝ լրատվամիջոցների ներկայությամբ, սակայն հանդիպումը կազմակերպվել է առանց լրագրողների՝ փակ ձևաչափով։

Ցույցի մասնակիցները հանդիպումից հետո հայտնել են, որ իրենց խոստացել են՝ առաջիկայում իշխանությունների կողմից համապատասխան միջոցներ կձեռնարկվեն։

Նշված շենքի մուտքի բնակիչները, որտեղ երկու պատշգամբ է փլվել, ժամանակավոր բնակվում են հյուրանոցում և հարազատների մոտ։ Բազմահարկ բնակարանի մյուս մուտքերում բնակվող ընտանիքները հրաժարվում են լքել իրենց տները և սպասում են փորձաքննության եզրակացությանը։

Կարդացեք նաև՝

Փլուզման հետևանքով մահացած կնոջ պտղի կյանքը փրկել են

Մառնեուլիում փլուզման հետևանքով հղի կին է մահացել

Մառնեուլիում շենքի պատշգամբ է փլուզվել. կա զոհ և տուժածներ