Ակցիան ցրելիս ձերբակալվել է 37, վիրավորվել` 4 անձ. ՆԳՆ

Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, նոյեմբերի 18-ին խորհրդարանի շենքի դիմաց ակցիան ցրելիս ձերբակալվել է 37 անձ:

«Վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ և 166-րդ հոդվածներով սահմանված իրավախախտումների համար ձերբակալվել է 37 անձ: Ռուսթավելիի պողոտայում ակցիան ցրելու ժամանակ վիրավորվել է ակցիայի 4 մասնակից, որից 2-ը իրավապահ: Վիրավորները բուժհաստատություններում անցել են համապատասխան բուժզննում»,- նշված է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագծի տապալումից հետո Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի շուրջօրյա ակցիաներ էին սկսվել։ Միավորված ընդդիմությունը, որ կազմված է ավելի քան 20 քաղաքական ուժերից, համախմբվել է գործող իշխանության դեմ՝ պահանջելով արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ, կառավարության հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում, նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում։

Նոյեմբերի 18-ին Ներքին գործերի նախարարությունը հատուկ միջոցների կիրառմամբ ցրեց ցուցարարներին, որոնք փակել էին խորհրդարանի բոլոր մուտքերը: