Աքտաու-Բաքու-Թբիլիսին՝ ղազախական նավթի արտահանման այլընտրանք

Ղազախստանի էներգետիկայի նախարարությունը «Կազմունայգազի» հետ մշակում է նավթի փոխադրման այլընտրանքային ուղիներ, ինչպիսիք են` Աքտաու-Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Աքտաու-Բաքու-Սուփսա և Աքտաու-Բաքու-Բաթումի ուղիները:

Այս տեղեկությունը տրված է Ղազախստանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը հայտնում է «Ինտերֆաքս-Ղազախստան» լրատվամիջոցը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ այդ այլընտրանքային ուղիների զարգացումը կախված է իրենց իսկ ներուժից, տնտեսական նպատակահարմարությունից և այլ գործոններից, դրանց թվում՝ տեխնիկական:

Նախարարությունը նաև նշել է, որ այլընտրանքային ուղիների համար դիտարկվում է Ղազախստանում նավթի արդյունահանման ավելացումը։

Ի դեպ, հոկտեմբերի վերջին Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը հայտնել էր, թե երկիրն ակնկալում է, որ Ղազախստանից նավթի երաշխավորված ծավալները կփոխադրվեն Բաքու-Սուփսա նավթամուղով։

«Կազմունայգազի» տնտեսական և ֆինանսական խորհրդի փոխնախագահ Դաուրեն Կարաբաևը ամռանը հայտարարել էր, որ Ղազախստանը բանակցություններ է վարում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Բաքու-Սուփսա խողովակաշարերով նավթի փոխադրման նպատակով։