Եվրախորհրդարանն այն կառույցը չէ, որը պետք է գնահատի Վրաստանի առաջընթացը. Պապուաշվիլիի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, Վրաստանի վերաբերյալ Եվրահանձնաժողովի գնահատականներն ավելի կարևոր են, քան եվրոպացի խորհրդարանականներինը։

Այս հայտարարությունը նա արել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Վրաստանի կողմից ԵՄ ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկման կապակցությամբ։

Զեկույցում ներկայացված են եվրախորհրդարանականների մի մասի դիտարկումները, որոնք վերաբերում են Վրաստանում ԶԼՄ-ների ազատության ապահովմանը, ընդդիմադիր «Մթավարի արխիի» տնօրեն Նիկա Գվարամիայի պատժաչափի վերանայմանը և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի տեղափոխությանը։

Ըստ Պապուաշվիլիի՝ Եվրախորհրդարանն այն կառույցը չէ, որը պետք է գնահատի Վրաստանի առաջընթացը։

Ի դեպ, այսօր՝ նոյեմբերի 8-ին, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկելու է Վրաստանի կողմից ԵՄ Ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ տարեկան զեկույցը։