Դատավոր Թոռնիկե Կապանաձեն ակտիվիստ Իա Մելիթաուրիին տուգանել է 2500 լարիի չափով: Ըստ նրա` վիճարկվող ֆեյսբուքյան գրառումը վիրավորանք է ոստիկան Լաշա Սալուկվաձեի հասցեին:
Վիճարկվող գրառման մեջ գրված էր. «Սալուկվաձե, #… դու, գնա #… նորից բուժվիր, չեմ ասի՝ ինչու»: Չնայած այն հանգամանքին, որ անունը չի նշվել, Ներքին գործերի նախարարության փաստաբանները պնդել են, որ դա ուղղված է ոստիկան Լաշա Սալուկվաձեին:
Երեկ՝ մայիսի 4-ին, դատական նիստում փաստաբան Դիմիտրի Վարդիաշվիլին օրինակ է բերել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայից, երբ Ստրասբուրգի դատարանը Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում է հայտնաբերել ռուս իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքային վիրավորանքների և սպառնալիքների համար դատապարտված քաղաքացու նկատմամբ:
«Սալուկվաձեն կարող է լինել Լաշա, Դիմիտրի, Ալեքսանդրե, Գիորգի… նա կարող է լինել ոստիկան կամ այլ մասնագիտությամբ անձ», — «Ազատություն» ռադիոկայանին ասել է Մելիթաուրիի փաստաբանը:
Ներքին գործերի նախարարությունը գործի քննությունը սկսել է անցյալ աշնանը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն: Այս հոդվածը նախատեսում է 2000-ից 5000 լարի տուգանք կամ մինչև 60 օր վարչական կալանք: