Ակտիվիստները պահանջում են Վրաստանի առողջապահության նախարարի հրաժարականը

Արդեն 5-րդ օրն է Թբիլիսիի կենտրոնում ակտիվիստները գիշերային բողոքի ակցիաներ են անցկացնում:

Նրանք անժամկետ բողոքի ակցիա են հայտարարել Վրաստանի խորհրդարանի դիմաց: Պահանջներին ավելացել է ևս մեկը` Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հրաժարականը:

«Պաշտպանիր ընտրությունները» և «Վրաստանի համար շարժում» խմբերի ակտիվիստները արդեն 5 օր է՝ պահանջում են նոր ընտրություններ, կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների կատարում` բոլորի համար հավասար պայմաններում, ինչպես նաև քաղբանտարկյալների ազատ արձակում: Տիկարաձեի հրաժարականն արդեն 4-րդ պահանջն է: Ըստ ակտիվիստների` Առողջապահության նախարարության մենեջմենթը խաթարված է,  մարդիկ են մահանում, մահճակալների մոբիլիզացիա նույնիսկ չկա, ու այս պայմաններում Տիկարաձեն պաշտոնին մնալու բարոյական իրավունք չունի: