Վրացի հեռուստահաղորդավարուհի և «Նանուկայի հիմնադրամ»-ի հիմնադիր Նանուկա Ժորժոլիանիի և ակտիվիստ Մարիամ Բաջելիձեի բնակարանները խուզարկում են: Քննչական ծառայության աշխատակիցները միաժամանակ են մտել նրանց բնակարաններ. խուզարկությունը սկսվել է այսօր՝ ապրիլի 29-ին, մոտավորապես ժամը 08:40-ին։
Դատախազության աշխատակիցների ներկայությամբ և՛ Ժորժոլիանին, և՛ Բաջելիձեն կարողացել են իրենց բջջային հեռախոսներով ուղիղ եթեր մտնել Facebook-ում, սակայն քիչ անց նրանց կապը հանկարծակի անջատվել է։
Բաջելիձեին դատախազությունից հայտնել են, որ հետաքննություն է ընթանում «սաբոտաժ» հոդվածով։ Բաջելիձեն բնակվում է իր փոքրիկ որդու հետ։
Դատախազությունն այս խուզարկության վերաբերյալ բացատրություն չի հրապարակել, սակայն «սաբոտաժ և թշնամական գործունեությանը օժանդակություն» որակմամբ հարուցված գործի շրջանակներում այս տարվա մարտի 17-ին, քննչական մարմնի պահանջով, հանկարծակի առգրավվել են այն հիմնադրամների և կազմակերպությունների հաշիվները, որոնք վճարում էին եվրոպամետ հանրահավաքների մասնակիցների տուգանքներն ու կարիքները։ Գործը հարուցվել է փետրվարին՝ «Միացյալ չեզոք Վրաստան» շարժման վերաքննիչ բողոքի հիման վրա։
«Միացյալ չեզոք Վրաստան»-ը հիմնադրվել է 2024 թվականի հուլիսի 10-ին և կրկնում է իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի ուղերձները։
Այս ՀԿ-ներին ու բարեգործական կազմակերպություններին մեղադրում են բողոքի ցույցերի համար սարքավորումներ գնելու և բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվածների ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար, ինչը նրանք որակել են որպես «անօրինական և հանցավոր գործողություններ կատարող անձանց խրախուսում»։