Տեսանյութ. Հայտնի ու անհայտ Փարաջանովը. մեծ կինոռեժիսորին նվիրված մրցույթն այս տարի աննախադեպ մասնակիցներ է ունեցել

«Ես հայ եմ, ապրում եմ Թիֆլիսում, մեղադրվում եմ ուկրաինական նացիոնալիզմի մեջ,- մի առիթով ով ես դու հարցին պատասխանել էր Սերգեյ Փարաջանովը, ավելացնելով` ուր էլ, որ լինեմ, լավ ֆիլմեր եմ նկարում, եթե անգամ ինձ Աֆրիկա ուղարկեք, կնկարեմ աֆրիկյան լավ ֆիլմեր»:

Ով էր Փարաջանովը,- Թբիլիսիի տիկնիկային թատրոնի հիմնադիր Արմեն Հովհաննիսյանն ասում է ՝ նա մարդ-գաղտնիք էր, որին մինչև վերջ հասկանալու կարիք էլ չկա։

Այժմ Փարաջանովին գնահատում ու մեծարում են ամբողջ աշխարհում։ Բազմաթիվ միջոցառումներ են նվիրվում նրան, այդ թվում՝ Թբիլիսիում արդեն 5-րդ անգամ անցկացվեց «Վիրահայերի միության» Սերգեյ Փարաջանովին նվիրված մրցույթը, այս անգամ նոր շնչով՝ ավելի շատ մասնակիցներով, որոնք ոչ միայն Վրաստանից են, այլև այլ երկրներից:

Այս տարվա մրցույթն ինքնին տարբերվում էր՝ նվիրված էր Փարաջանովի ծննդյան 95-ամյակին. Մասնակիցները շատ էին, ընտրված լավագույն գործերից հաղթող են ճանաչվել երեքը, իսկ պրոֆեսիոնալիզմի համար թեմայից դուրս մրցանակ շնորհվեց ևս 2 մասնակցի: Հաղթողների պարգևատրման արարողությունը կայացավ «Ազգային արխիվի» կինոսրահում:

Մրցույթին հնարավոր էր ներկայանալ նկարով, կոլաժով կամ ձեռքի աշխատանքով:

20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսորը եղել և շարունակում է մնալ Թիֆլիսի այցեքարտը, այստեղ բերելով իր գործունեությունը գնահատողներին՝ աշխարհի բոլոր անկյուններից: