Վրացական մամուլը՝ Սպիտակի երկրաշարժի մասին

Սպիտակի աղետալի երկրաշարժից 30 տարի անց, դեկտեմբերի 7-ի իրադարձությունները շրջանառվում են նաև վրացական մամուլում: «Հայկական ողբերգական երկրաշարժի 30-ամյա տարելիցը» վերտառությամբ հոդված, ֆոտոռեպորտաժ է հրապարակել «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը, «Ազատության» «Անարեկլեբի» հաղորդումն այս կապակցությամբ պատրաստել է նաև տեսանյութ:

88-ի իրադարձությունները վերհիշել է Վրաստանի հանրային հեռարձակողը՝  նշելով, որ Վրաստանում ևս միջոցառումներ են տեղի ունեցել՝ Թբիլիսիի հայկական ուղղափառ եկեղեցիներում, իսկ երեկոյան՝ «Ամիրանի» կինոթատրոնում «Սպիտակ» ֆիլմի պրեմիերան է լինելու:

Առաջին ալիքն ու մի քանի այլ լրատվամիջոցներ՝ ինչպեսիք են «Նեթգազեթի»-ն և «Իմեդի» հեռուստաընկերությունը հրապարակել են ՀՀ քաղաքացու շնորհակալական նամակն ուղղված Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին: Տվյալ նամակը հրապարակել էր Վրաստանի դեսպանատունը՝ նշելով, որ շնորհակալական նամակներ շատ են ստանում:

«Սպիտակի երկրաշարժ — ողբերգություն, որ ավիրել է ողջ քաղաքը» վերտառությամբ հոդված ու ֆոտոշարք է հրապարակել  «Sputnik Georgia»-ն նույնպես:

Հատկանշական է Ambebi.ge լրատվամիջոցի հոդվածը՝ «30 տարի Սպիտակի երկրաշարժից հետո՝ տեղացիները ողբերգության և Գիորգի Մարգվելաշվիլիի մասին, ով այն ժամանակ ծառայում էր Հայաստանում» վերնագրով:  Հոդվածում հեղինակը խոսել է Վրաստանի կողմից ցուցաբերած օգնության մասին, զրուցել Հայաստանում փրկարարական միջոցառումների մասնակից Ակակի Ռուխաձեի հետ, որը պատմում է մանրամասների մասին: Հեղինակը զրուցել է նաև Էջմիածնից Աբրահամյանների ընտանիքի հետ, որոնք պատմում են՝ երկրաշարժի օրն իրենց տանն էր Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի մայրը, քանի որ ինքը՝ Մարգվելաշվիլին այդ ժամանակ Սպիտակի ռազմական բաժնում էր ծառայում: Մի քանի տարի անց Մարգվելաշվիլին այցելել էր Աբրահամյանների ընտանիքին, այցի լուսանկարները հրապարակել էր նախագահի աշխատակազմը: