Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի եկամտաբեր տունը վերանորոգվում է

Թբիլիսիի կենտրոնում գտնվող, թբիլիսահայ գործարար Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի եկամտաբեր տունը վերանորոգվում է։ Այս մասին «Ալիք մեդիայի» փոխանցմամբ հայտնում է Silk Development ընկերությունը։ Այս պահին ներդրումային խմբին է պատկանում Ռուսթավելի պողոտայի պատմական շենքի մեծ մասը, որը զբաղեցնում է գրեթե մի ամբողջ թաղամաս։

2007 թվականից Մելիք-Ազարյանցի տան նորոգմամբ զբաղվող Silk Road Group-ը բնակարաններ է գնում բնակիչներից, այժմ ընկերությանը պատկանում է ընդհանուր տարածքի մինչև 80 տոկոսը։ Տարածքի մնացած մասը պատկանում է անհատական ​​բնակարանների և կոմերցիոն տարածքների սեփականատերերին։

Silk Development-ը հայտնում է, որ ավարտել է շենքի նկուղային հարկերի մաքրման աշխատանքները, որտեղ տասնամյակներ շարունակ կենցաղային աղբ է կուտակվել։

Աշխատանքների փուլերը որոշելուց հետո կշարունակվի շենքի հիմքի և կառուցվածքային մասի ամրացումը, որից հետո նախատեսվում է վերականգնել շենքի նախնական տեսքը, ճակատները, զարդանախշերը, դեկորացիաները, նորոգել փայտե պատշգամբները։

Ռուսթավելի պողոտայի 37 հասցեում գտնվող շենքի վերակառուցման գործընթացը բարձր որակավորում ունեցող մասնագետներով շարունակվում է։ Առաջին փուլում ամրացվել և վերակառուցվել են առաջին և երկրորդ մուտքերը հարող տարածքները։ Շքամուտքերի միջև գտնվող երկու պատուհաններն արդեն ամբողջությամբ վերանորոգված են։

Այժմ ընկերության մասնագետներն ուսումնասիրում են շենքի տակ և շրջակայքում գտնվող կապի և ջրահեռացման համակարգերը։ Հետազոտության արդյունքների համաձայն՝ կպատրաստվի ջրահեռացման համակարգի վերականգնման նոր նախագիծ, որը կհամաձայնեցվի Թբիլիսիի քաղաքապետարանի հետ։

Շենքը մասնավոր սեփականատերերից աստիճանաբար գնելու գործընթացը Silk Road Group-ը սկսել է 2007 թվականից, և ներկայումս ընկերությանը պատկանում է ընդհանուր տարածքի մոտ 80 տոկոսը։ Մնացած տարածքը զբաղեցնում են բնակարանների և կոմերցիոն տարածքների մասնավոր սեփականատերերը։

Մելիք-Ազարյանցի բազմահարկ տունը կառուցվել է անցյալ դարի սկզբին՝ ճարտարապետ Նիկոլայ Օբոլոնսկու նախագծով։

Հատկանշական է, որ այն ժամանակ շենքը շքեղ էր ոչ միայն արտաքնապես, այլև ուներ սեփական էլեկտրականություն, սանտեխնիկա, ջեռուցում, պատկերասրահ և էկզոտիկ բույսերով լցված այգի, կինոթատրոն, ֆոտոստուդիա, և շատ այլ հարմարություններ։

Ալեքսանդր Մելիք-Ազարյանցը թբիլիսահայ բարերար և գործարար է եղել, Կովկասի հայոց բարեգործական ընկերության պատվավոր անդամ, Ներսիսյան ճեմարանի պատվավոր հոգաբարձուներից մեկը։